Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան թալանված վիճակում էր

Դեկտեմբեր 19,2012 13:49

Երեւանի բնակիչ, 53-ամյա Գարիկ Կապզմալյանի «սեւ օրերը» սկսվել են այն ժամանակ, երբ աշխատանք չունենալու պատճառով որոշել է անձնական օգտագործման «Օպել Օմեգա» ավտոմեքենան վարձակալության տալ եւ համապատասխան հայտարարություն է տպագրել «Գինդ» շաբաթաթերթում: 2011թ. ապրիլի 30-ին, ժամը 17-ին նրան է զանգահարել Հայկ Ահարոնյանը եւ հայտնել, որ ցանկանում է մեկ ամսով վարձակալել մեքենան՝ որպես տաքսի օգտագործելու նպատակով: Երկու ժամ հետո հանդիպել են. Հայկը եկել է ընկերոջ՝ Արմեն Հովակիմյանի հետ, որը զինվորական է, մայորի կոչումով: Պայմանագիր կնքելիս պարզվել է, որ Հայկն իր հետ անձնագիր չի վերցրել: Այդ ժամանակ միջամտել է Հովակիմյանը՝ ասելով, թե իր անձնագիրը մոտն է, կարող է թողնել՝ պայմանագրում չնշելու պայմանով, մինչեւ Հայկը կբերի իրենը, պայմանագրում կլրացնեն Հայկի տվյալները եւ կփոխանակեն անձնագրերը: «Ի սկզբանե Արմեն Հովակիմյանը վստահություն ներշնչեց եւ վստահելով նրա՝ զինվորական մայորի կոչմանը, չկասկածելով նրա ազնվությանը, ես համաձայնեցի: Պայմանավորվեցինք հանդիպել յուրաքանչյուր տասը օրը մեկ՝ որպեսզի կատարեն վճարում: Մայոր Հովակիմյանը իր գրպանից վճարեց առաջին 10 օրվա վճարը՝ 65.000 դրամ, եւ վերցնելով ավտոմեքենան՝ միասին հեռացան»,- պատմում է Գարիկ Կապզմալյանը: Սակայն 10 օր հետո նրանք չեն ներկայանում, իսկ Գարիկն էլ համոզվելով, որ խաբվել է, մայիսի 16-ին դիմում է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Հարուցվում է քրեական գործ:

Քննիչ Ն. Հարությունյանը պարզում է, որ Հ. Ահարոնյանը խոշոր չափի գումար է պարտք եղել Ա. Հովակիմյանին, եւ նրանք համաձայնության գալով, վերցրել են Գարիկի մեքենան եւ նույն օրը երեկոյան մեքենան տարել Արարատի մարզ, տվել Գեղամ Մարտիրոսյանին եւ նրանից վերցրել 3000 ԱՄՆ դոլար, որը վերցրել է Ա. Հովակիմյանը՝ որպես իր պարտքի որոշ մաս: Հայկը ձերբակալվում է: Իսկ Ա. Հովակիմյանի մասով գործը ուղարկում են պաշտպանության նախարարության քննչական բաժին:

Զինվորական քննիչ Փիլիպոսյանը Գարիկի հետ զրույցի ժամանակ նրան համոզում է, որ Արմենն այս գործում մեղք չունի, չի իմացել իր ընկերոջ մտադրությունների մասին, իսկ Նոր Նորքի ոստիկանությունը գործը թերի է կատարել: Քննիչը նաեւ տեղեկացնում է, թե Արմենը նոր անուններ է տալիս եւ վստահեցնում է, որ իրենք անում են ամեն ինչ՝ մեքենան գտնելու համար: «Ինչպե՞ս թե Արմեն Հովակիմյանը մեղք չունի, չէ՞ որ Գեղամ Մարտիրոսյանը Նոր Նորքի ոստիկանության հետաքննիչ Շարոյանին ցուցմունք է տվել այն մասին, որ իր ներկայությամբ ապրիլի 30-ին, ժամը 21-ի սահմաններում, Ս. Հովակիմյանի եւ Հ. Ահարոնյանի միջեւ վեճ է ծագել եւ վեճի ժամանակ Արմենն ասել է՝ ես եմ խաբել էդ մարդուն, եթե ես չլինեի, դու նրան չէիր կարողանա խաբել, ես եմ նրան խաբել, մեքենան բերել եմ պարտքս փակելու համար: Իսկ այդ նույն ցուցմունքը Գեղամը պնդել է նաեւ քննիչ Ն. Հարությունյանի մոտ»,- զարմացած է Գարիկը:

Նոյեմբերի 11-ին Փիլիպոսյանը զանգում է Գարիկին եւ ասում, թե մեքենան գտնվել է, եւ կանչում է իր մոտ: Գարիկը մեքենան տեսնում է թալանված վիճակում, որը Գեղամ Մարտիրոսյանը քարշակի միջոցով տեղափոխել էր Արարատից:

5 ամիս գործը քննելուց հետո, ինչպես Գարիկն է ասում՝ «Փիլիպոսյանը դատախազ Բալդրյանի հետ խմբակային հանցագործությունը պարտակել են, կայացրել են անօրինական որոշում. Արմեն Հովակիմյանին ազատել են պատասխանատվությունից, մեքենան թալանած Գեղամ Մարտիրոսյանի նկատմամբ կիրառվել է անօրինական համաներում եւ երկուսին շնորհվել է վկայի կարգավիճակ, ամբողջ մեղքը բարդելով Հայկ Ահարոնյանի վրա»:

Փիլիպոսյանը որոշման մեջ նշել է, որ համաներումը տարածվում է այն հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչեւ 2011թ. մայիսի 1-ը, իսկ Գեղամ Մարտիրոսյանը հանցանքը կատարել է մինչեւ ապրիլի 30-ը: Այնինչ՝ Գարիկը մինչեւ ապրիլի 30-ը նրանց չի ճանաչել, մեքենան էլ գտնվել է իր մոտ: Նա համոզված է, որ Փիլիպոսյանը փաստաթուղթ է կեղծել, որի հիման վրա էլ կայացրել է կեղծ որոշում՝ հօգուտ հանցագործների: «Գեղամ Մարտիրոսյանն իմ մեքենան թալանել է մայիսի 10-ից հետո: Այդ մասին նա ասել է նաեւ դատավարության ժամանակ՝ պատասխանելով դատավոր Ս. Ուզունյանի հարցերին: Ի դեպ, դատավորը նրան հարցրեց՝ քեզ վրա համաներում չի տարածվում, այդ ինչպե՞ս է քննիչը համաներում կիրառել»,- հայտնեց Գարիկը: Քննիչի եւ դատախազի դեմ, որոնք անօրինական համաներում են կիրառել եւ հանցագործին ազատել պատասխանատվությունից՝ դարձնելով նրան վկա, Գարիկը բողոքել է ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն բողոքը վերահասցեագրվել է զինդատախազությանը, որտեղից պատասխան է ստացել, թե բողոքարկման 7-օրյա ժամկետը բաց է թողել: «Ես ժամկետը բաց չեմ թողել, ուղղակի դատախազ Բալդրյանը փորձում է գործն ամեն կերպ խեղաթյուրել»,- համոզված է Գարիկը:

Ի դեպ, օրեր առաջ Գարիկը հեռուստատեսությամբ լսել է երկրի նախագահի խոսքը, որը խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ասել էր, թե անբարեխիղճ քննիչները եւ դատախազները հանցագործներին դարձնում են վկա, ու լցվել է հավատով, որ կբացահայտվի իր գործի ողջ ճշմարտությունը եւ դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գ. Հակոբյանին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31