Չնայած Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի պաշտոնանկությունից արդեն երկուսուկես տարի է անցել, սակայն լրագրողները նրա մասին խոսելիս երբեք չեն մոռանում, որ այս տիկինը պետության կողմից մարզպետարանի սոցիալական աջակցության ֆոնդին հատկացվող 20 միլիոն դրամից բաժին էր հանում նաեւ մարզպետարանի աշխատակիցներին: Այսինքն՝ վերջիններիս սոցիալապես անապահով էր ձեւացնում ու նրանց անուններով աջակցություն դուրս գրում:
Վերջերս էլ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր կասկածները հայտնեց այն մասին, որ տիկին մարզպետը, ամենայն հավանականությամբ, Ալբերտ Վարդանյան անուն-ազգանվամբ մարդուն տարել, իր տանը աշխատեցրել է եւ դրա դիմաց պետական միջոցներից նրան 1 միլիոն 200 հազար դրամ օգնություն է գրել: Այսինքն՝ օգնություն հատկացնելու պրակտիկայում չլսված մի գումար: Իսկ Ալբերտ Վարդանյանը, «Ասպարեզ» ակումբի նախագահի ենթադրությամբ, քանդակագործ է:
Ինչեւէ, ինչպե՞ս է ծախսում պետական գումարները նոր մարզպետը՝ Աշոտ Գիզիրյանը, եւ ո՞ւմ միջոցներով է ամանորյա նվերներ անում զոհված ազատամարտիկների ու վետերանների ընտանիքներին: Երեկ այս մասին լրագրողներին հաշվետվություն ներկայացրեց Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: «Եթե հիշում եք, 2010 թվականից մարզպետը՝ որպես բայեվոյ գեներալ, էսպես ասենք՝ նախաձեռնեց օգնություն կազմակերպել ազատամարտիկների ընտանիքներին: Դա մեզ համար դարձել է շարունակական. 2010 թվականի դեկտեմբեր ամսին մենք Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնեցինք 40 հազար դրամով, եւ դա դարձավ մեկնարկային, որը սկսեց թափ առնել եւ շարունակվել: Իսկ հաջորդ տարի օգնություն կազմակերպեցինք զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, որից հետո՝ մայիսի 9-ին, վետերաններին, հաշվի առնելով նաեւ Շուշիի մասնակիցներին՝ հաջորդ մեր քայլը եղավ Ղարաբաղյան պատերազմում 1-ին կարգի հաշմանդամներին օգնելը»,- թվարկեց փոխմարզպետը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի Գյումրիում այս ծրագիրը մարզպետարանի ղեկավարությունը իրականացնում է Սամվել Բալասանյանի ղեկավարած կառույցի հետ համատեղ, իսկ Շիրակի մարզի մյուս 118 համայնքներում իրականացնողը բացառապես մարզպետարանն է: Մի խոսքով՝ ընդհանուր թվով 599 ընտանիքի է հատկացվելու օգնությունը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ո՞ւմ հաշվին են օգնում, ո՞վ է ֆինանսավորում: «Երբ Աշոտ Գիզիրյանը Շիրակում նշանակվեց մարզպետ, հաշվի առնելով Շիրակում ստեղծված սոցիալական վիճակը, հենց առաջին նախաձեռնությունը եղավ ստեղծել «Համայնքների աջակցության հիմնադրամ», որի խորհրդի նախագահը ես եմ: Խորհուրդը ունի 23 մասնակից, որը որոշում է կայացնում, թե ի՞նչ անել: Գումարը բացառապես կուտակվում է Շիրակի մարզպետի հեղինակության եւ անձնական ծանոթության շնորհիվ, բարեգործներ են հայտնվել, որոնք մարզպետի հետ ունեն ծանոթություն, ընկերություն եւ խորին հարգանքով մասնակցում են: Գումարը կուտակվում է արտերկրի բարերարների միջոցով, ովքեր ուղղակի անձնական կապի մեջ են մարզպետի հետ»,- պարզաբանեց փոխմարզպետը: Մեր այն հարցին, թե մարզպետ Գիզիրյանի բարերար ընկերների թվում կա՞ն արդյոք գյումրեցիներ, Սեյրան Պետրոսյանը պատասխանեց. «Դժվար հարց եք տալիս, բայց իրենք էլ են սկսել արձագանքել»: «Առավոտը» նաեւ հետաքրքրվեց, թե մարզպետի մեծահարուստ ընկերների միջոցով կազմակերպվող բարեգործությունից զատ՝ ինչպե՞ս են ծախսում պետության՝ մարզպետների սոցիալական աջակցության ֆոնդին հատկացրած 20 միլիոն դրամը: Փոխմարզպետը ռիսկով հայտարարեց, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն, եւ ցանկացած հետաքրքրված անձ կարող է իրենց ինտերնետային կայքում տեսնել օգնություն ստացողների անուն-ազգանունները, հասցեները, համայնքը, նրանց դռները թակել ու ստուգել՝ արժանի՞ էին արդյոք այդ մարդիկ օգնության, գումարը տեղ հասե՞լ է, թե՞ ոչ: «Ցանկացած պահի խնդրում եմ մեր կայքից վերցնեք հասցեն, գումարի չափը ու ստուգեք: Արդեն 3 տարի է՝ այդ տեղեկատվությունը դրված է մեր կայքում»,- առաջարկեց փոխմարզպետը:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ այս ֆոնդից ամենամեծ գումարը, որը տրամադրվել է քաղաքացիներից մեկին, եղել է 80 հազար դրամը, վերջինիս այն անհրաժեշտ է եղել չարորակ ուռուցքի վիրահատության համար: 529 հոգի դիմել է մարզպետին ու տարբեր գումարների օգնություն ստացել պետական ֆոնդից: Իսկ թե ինչպե՞ս են ընտրում սոցիալապես անապահովներին, փոխմարզպետի ասելով՝ ոչ միայն նրանք են իրենց դիմում, այլեւ երբեմն հենց մարզպետարանն է անապահովներին հայտնաբերում: «Օրինակ՝ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը մեզ դիմեց մի ընտանիքի համար, որտեղ բոլորը տառապում էին տուբերկուլյոզով, մենք իրենց համար եւ վառելիքի հարց լուծեցինք, եւ սննդի փողը տվեցինք, իսկ Գյումրիում բոլորովին վերջերս մի ընտանիքի տանիքն է վառվել, երեկ հեռուստատեսությամբ տեսա, այսօր արդեն խնդրել եմ գտնել ընտանիքին, հրավիրենք, ինչ-որ բանով օգնենք»,- ասաց Սեյրան Պետրոսյանը: Ըստ նրա՝ այս ֆոնդից օգնություն տրվող ամենամեծ գումարը կարող է լինել 100 հազար դրամը, ընդ որում՝ բացառիկ դեպքերում: Որպես կանոն, խուսափում են նույն մարդկանց երկրորդ անգամ օգնություն հատկացնելուց. սա նույնպես բացառիկ դեպքերում է լինում, երբ, ասենք, տվյալ անձը անելանելի, ծանր վիճակում է, պիտի գնա անհապաղ բուժման:
«Մարդկանց մի կատեգորիա կա, որը ինքն է թակում դռները, օգնության տեղը գիտի, մի կատեգորիա էլ կա, որին դու պետք է փնտրես-գտնես, ովքե՞ր են նրանք. 5 եւ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքները, ընտանիք, որի մտքով երբեւիցե չի անցել, որ կարող է պատահի իրեն մարզպետարանում ֆինանսական օժանդակություն ցուցաբերեն, ինքն իր Աստծո հետ ապրում է՝ էսպես ասենք»,- ներկայացրեց փոխմարզպետը:
Իսկ ի՞նչ գումարներ են ծախսում դրսից եկած հյուրերի, հյուրասիրության վրա, իրենց գրպանի՞ց են դնում: «Պետությունը էդ հարցը կարգավորել է. մենք բյուջեում ունենք ներկայացուցչական ծախսեր, որը պետականորեն քվեարկվել, քննարկվել է, Ազգային ժողովի օրենքի մեջ գրված է՝ Շիրակի մարզպետարան՝ էսքան էլեկտրականության վարձ, էսքան ջրի վարձ, էսքան աշխատավարձ, էսքան գրենական պիտույքներ, էնտեղ կա մի տող էլ կա՝ ներկայացուցչական ծախսեր, որը բավարարում է մարզպետին ընդունելության համար»,- եզրափակեց Սեյրան Պետրոսյանը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ