«Թուրքիայի կողմից շրջափակումը պատերազմի մի ձեւ է: Իսկ իրականում՝ ոչ մի գործընթաց չկա: Հայաստանը հայ-թուրքակական արձանագրություններով հնարավորություն է տվել, որպեսզի Թուրքիան մտածի, թե իբր ինչ-որ գործընթացի մեջ ենք, բայց իրականում՝ Հայաստանը դրանից ոչինչ չի ստանում: Իսկ Թուրքիայի կողմից արձանագրությունների չստորագրումն էլ եւս մեկ անգամ հաստատում է ու հիմք է, որ այդ արձանագրությունների վրայից հետ հանել մեր ստորագրությունները»,- այսօր «Հենարան» ակումբում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Բանախոսը անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-ամյակին, 2013 թվականի արտաքին քաղաքական մարտահրավերներին, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի նպատակը ոչ թե ցեղասպանության ճանաչման հարցը պետք է լինի, չնայած դա չպետք է անտեսել, այլեւ նույն կեցվածքը դրսեւորել հատուցման հարցի հետ կապված:
«Այդ արձանագրությունները կարող են հատուցման համար խոչընդոտ հանդիսանալ: Իսկ ցեղասպանությունն անժամկետ հանցագործություն է: Թուրքիան 2015 թվականին խուճապի է մատնվելու: Ճիշտ է կփորձի ինչ-որ բաներ անել, բայց դրանով ցուց կտան իրենց տկարությունը»,-նշեց Մանոյանը, հավելելով, որ պետք է կենտրոնանանլ Թուրքիայի հասարակության վրա:
Կարդացեք նաև
Մանոյանի խոսքով՝ Թուրքիան թույլ պետություն չէ, բայց այն ոչ էլ հզորանում է:
Ինչ վերաբերվում է պատերազմի հավանականությանը, ապա. «Կարծում եմ, որ դա այդքան էլ հավանական չէ, բայց մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ադրբեջանն ինչքան էլ սպառնա, հրադադարը խախտի, միեւնույն է պատերազմի չի գնա, քանի որ նա վստահ չէ իր ուժերի վրա: Պատերազմի վերսկսումից՝ Ադրբեջանի համար անցանկալի հետեւանքներ կլինեն»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ