Սեպտեմբերից մինչ այսօր «Օգնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում Սիրիայում ծավալված պատերազմի գործողությունների արդյունքում տարբեր տեղերում ապաստան գտած հայերին տրամադրվել է 41.312.660 ՀՀ դրամի, 750.000 ռուսական ռուբլու ֆինանսական եւ 31.033.210 ՀՀ դրամի սննդամթերքի եւ դեղորայքի օգնություն: Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում ամփոփելով ծրագրի աշխատանքները տեղեկացրեցին ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը եւ ծրագրի համակարգող ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Բանախոսները նշեցին, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու։ «Որոշ շեշտադրումներ ստիպված ենք եղել փոխել, քանի որ ինքնաթիռով բեռնափոխադրումների հետ կապված մի շարք խնդիրներ առաջացան»,- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս փուլում առավել նպատակահարմար է սիրիահայությանը ֆինանսական օգնություն տրամադրել։
«Ցավոք, քաղաքացիական պատերազմը չի ավարտվում և հայության մեծամասնությունը գտնվում է ծանր վիճակում։ Մենք նաև կենտրոնացել ենք Հայաստանում և Արցախում բնակություն հաստատած սիրիահայության վրա»,- նկատեց Վահան Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Նախաձեռնության պատասխանատուները շնորհակալություն հայտնեցին բոլոր բարերարներին ու անհատներին, ովքեր միացել են այս նախաձեռնությանը: Վահան Հովհաննիսյանը հատուկ ընդգծեց Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Լևոն Սարգսյանի, գործարար Խաչիկ Մանուկյանի անունները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել ինքնաթիռների թռիչքները, «Ալեքս Գրիգ» ընկերության (որի սեփականատերիը Սամվել Ալեքսանյանն է) եւ ԼՂՀ գյուղաջակցության հիմնադրամի ցուցաբերած օգնությունները: 5 միլիոն դրամ էլ տրամադրվել է մի բարերարի կողմից, ով չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի:
Լիլիթ Գալստյանն էլ նշեց, որ իր գոյության երեք ամիսների ընթացքում նախաձեռնությունը լայն արձագանք է գտել հասարակության շրջանում: Նա կարեւորեց ոչ այնքան տրամադրվող օգնության չափը, որքան մեր հայրենակիցների պատրաստակամությունը եւ կարեկցանքը սիրիահայերին:
Ի դեպ, ծրագրի շրջանակներում տրամադրված մարդասիրական օգնությունը հասել է նաև ազգությամբ ոչ հայերին, ինչը Լ. Գալստյանը բարոյական արժեք է որակում: «Այս ընթացքում 600 ընտանիքի պարենային տուփեր ենք հատկացրել, ևս 600 ընտանիքի տրամադրվել են ծածկոցներ, հագուստ և այլն»,- նշեց բանախոսը հավելելով, որ 5 մլն դրամ էլ փոխանցվել է «Քաշաթաղ» հիմնադրամին՝ այնտեղ հաստատաված 20-22 սիրիահայ ընտանիքների համար բնակարանային նորոգումների խնդիրը լուծելու համար:
Երեւանաբնակ սիրիահայ ընտանիքների երեխաների համար նաեւ տարեմուտի միջոցառումներ եւ նվերներ են պատրաստվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ