ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը դեկտեմբերի 6-ի քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ներկայացրած հակամենաշնորհային գործունեության մասին օրենքի նախագծին: «Որովհետեւ ես դեմ եմ մոնոպոլիաներին, մենաշնորհներին: Իր նախընտրական ծրագրում նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասաց դրա մասին, որ ինչքան շուտ վերանան մեզ մոտ մոնոպոլիաները, այնքան մեր տնտեսությունն առավել առաջընթաց կզարգանա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը: Հիշեցնենք, որ այդ նախագիծը չընդունվեց, քանի որ հենց նախագահի քաղաքական թիմը՝ ՀՀԿ-ն եւ կոալիցիոն ՕԵԿ-ը, 61 պատգամավոր, «դեմ» քվեարկեցին: ՀԱԿ-ի ներկայացրած նախագծին «կողմ» լինելը ՀՀԿ-ական գործընկերների կողմից բացասաբար չի անդրադարձել Գ. Նուշիկյանի վրա: «Քվեարկություններից առաջ մենք չենք պայմանավորվում՝ նոր քվեարկում, եթե չկա քաղաքական հարց»,- բացատրեց մեր զրուցակիցը:
Զրույցի այլ մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:
«Առավոտ» օրաթերթ