Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը կբոյկոտի՞ ընտրությունները, թե՞ կշնորհավորի Սերժ Սարգսյանին

Դեկտեմբեր 19,2012 13:32

ՀՀ առաջին նախագահի որոշումից է կախված լինելու Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը

Դեկտեմբերի 22-ին տեղի կունենա ՀՀՇ հերթական համագումարը, որի ընթացքում, ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, հնարավոր է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակի սպասված որոշումը՝ փետրվարյան նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի մասնակցության, ՀԱԿ-ի թեկնածուի վերաբերյալ: ՀՀ առաջին նախագահի որոշումը իսկապես հայտնի կդառնա ա՞յս շաբաթ, թե՞ կերաձգվի մինչեւ հունվարի սկիզբ՝ էական չէ: Կարեւորն այն է, որ այդ որոշումից է կախված լինելու Սերժ Սարգսյանի՝ նախագահ վերընտրվելու լեգիտիմության հարցը:

Դեկտեմբերի 12-ին ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի նիստում կայացված երկու որոշումները այն մասին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրելու թեկնածությունը եւ գալիք նախագահական ընտրություններում չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին, իսկապես քաղաքական դաշտում նկատելի անորոշություն առաջացրին: ԲՀԿ-ականները թեեւ հայտարարում էին, որ «այլընտրանք» են գործող իշխանությանը, շեշտում էին, թե ողջ հանրապետությունով զգալի ձայներ եւ ժողովրդականություն են վայելում, ըստ էության Գագիկ Ծառուկյանը քաղաքական բոյկոտի դիմեց։ Ճիշտ է, դա ակտիվ բոյկոտ չէ, ԲՀԿ-ն կոչ չի արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին, այնուամենայնիվ՝ քաղաքական այս ուժը ընտրեց պասիվ բոյկոտի ճանապարհը՝ չմասնակցելով ընտրությունների:

ԲՀԿ-ի որոշումը նախեւառաջ ծանր դրության մեջ դրեց ՀԱԿ-ին, որը ԲՀԿ-ի հետ համագործակցության պտուղը թերեւս համարում էր հենց նախագահական ընտրություններում երկու ուժերի սերտ համագործակցությունը, նույնիսկ ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունը կարծես չէր բացառվում:

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ տարբերակներ ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը ստեղծված քաղաքական բավական բարդ իրավիճակում: ՀՀ առաջին նախագահը կարծես երկու տարբերակ ունի:

Տարբերակներից մեկը Տեր-Պետրոսյանի կողմից քաղաքական բոյկոտի դիմելու քայլն է: Ի տարբերություն ԲՀԿ-ի՝ Տեր-Պետրոսյանը կարող է ակտիվ բոյկոտով հանդես գալ՝ հասարակությանը կոչ անելով չմասնակցել ընտրություններին, ենթադրաբար նաեւ ԲՀԿ-ի ընտրազանգվածին եւս այդ ճանապարհով տանելով: Սա կարող է աշխատող տարբերակ լինել, քանի որ դրա արդյունքում Տեր-Պետրոսյանը ըստ էության Սերժ Սարգսյանին կմղի նախագահական ընտրապայքարի էպոսագետի հետ, իսկ նման մրցունակության պայմաններում նախագահ վերընտրվելը բնական է, որ չի կարող լիարժեք լեգիտիմության խնդիրը լուծել, ինչն էլ ձգտում է ապահովել առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, վերոնշյալ տարբերակը, որպես երկարաժամկետ պրոյեկտ, չի կարելի բացառել Տեր-Պետրոսյան-Քոչարյան շահերի տիրույթում, եթե նույնիսկ ակտիվ բոյկոտը արդյունք չտա, եւ Սերժ Սարգսյանը վերընտրվի՝ վարչական ռեսուրսի ջանքերի շնորհիվ: Նախագահական ընտրություններից հետո Տեր-Պետրոսյան-Քոչարյան շահերը կարող են առավել առարկայական բնույթ ստանալ՝ դրսեւորվելով կոնկրետ համագործակցությամբ՝ ընդդեմ վերընտրված Սերժ Սարգսյանի:

Երկրորդ տարբերակը, իհարկե, Տեր-Պետրոսյանի առաջադրումն է որպես նախագահի թեկնածու, որը մինչեւ ԲՀԿ-ի կայացրած որոշումը նույնիսկ անիմաստ էր հավանական տարբերակ համարելը: Այժմ իրավիճակ է փոխվել, եւ ՀԱԿ-ի քաղաքական ինքնուրույնության դրսեւորման նպատակով տրամաբանական կլիներ, եթե Տեր-Պետրոսյանը հենց այս տարբերակով էլ առաջնորդվեր: Բայց արդյոք ՀՀ առաջին նախագահը չի՞ զգում 2008-ի շարժման եւ այսօրվա իրավիճակի միջեւ տարբերությունները… Վստահաբար բոլորից լավ նա է գիտակցում այդ տարբերությունները՝ թե՛ ՀԱԿ-ի նկատմամբ հասարակական վստահության, թե՛ թիմի ներսում ռեսուրսների կորստի հարցը:

Երկրորդ տարբերակը, սակայն, կարող է իրապես այլ նշանակություն եւ նպատակ ունենալ: Գիտակցելով ՀԱԿ-ի ուժերը, ԲՀԿ-ի հետ համագործակցության շարունակականության անիմաստությունը՝ Տեր-Պետրոսյանը կարող է որոշում կայացնել՝ ելնելով պետության շահերից. մասնակցելով ընտրություններին եւ գրավելով երկրորդ պատվավոր տեղը ու շնորհավորելով Սերժ Սարգսյանին՝ փաստացի լեգիտիմացնելով նրան:

Որ տարբերակն էլ ընտրի Տեր-Պետրոսյանը՝ դրանից է կախված լինելու Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը: Ո՞ւմ կընտրի Տեր-Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանին շնորհավորելով նրան լեգիտիմացնե՞լը, թե՞ Ռոբերտ Քոչարյանի հետ նոր քաղաքական պայքարի դուրս գալու տարբերակը եւ Սերժ Սարգսյանի «վերընտրությունը» խնդիր դարձնելը՝ ցույց կտա ժամանակը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31