ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը այսօր ԱԺ նիստում էթիկայի հանձնաժողովի կազմավորման փոփոխության մասին ամփոփիչ ելույթում այսպիսի հայտարարություն արեց. «Խնդիրը նրանում է, որ ապաքաղաքական որոշում պետք չէ ընդունել: Անշուշտ, դուք կարող եք ասել, որ ես ինքս ինձ հակասում եմ, որովհետեւ օրենքը պայմանավորված է հենց քաղաքական իրողությամբ: Պատասխանը մեկն է՝ ոչ, ես չեմ հակասում ինքս ինձ: Այն տարբերակը, որը մենք ենք առաջարկում, այն նախագիծը, որ ներկայացրել ենք ձեր քննարկմանը եւ ակնկալում ենք ձեր հավանությունը, պատասխան է տալիս այն իրավիճակներին, երբ կան դասական մոդելից շեղվող մոտեցումներ: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք հավասար տեղեր ընդդիմությանը, հավասար տեղեր իշխանությանը՝ ակնկալելով, որ տեղ կունենա նաեւ այն խորհրդարանական խմբակցությունը, որը ոչ ընդդիմություն է, ոչ իշխանություն»:
Նա նաեւ ասաց, որ իրենք ունեցել են մի առաջարկ էլ, որն ըստ էության նահանջ է եղել այն տարբերակից, որը ներկայացրել է. «Մենք պատրաստ ենք պահպանել անգամ 6 անդամով հանձնաժողովում ներկայացվածությունը, պայմանով, որ որոշումները ընդունվեն 6-ից 5 -ի կողմ քվեարկության արդյունքում: Սա եւս ընդունված ձեւ է աշխարհում: Բայց այդ մոտեցումը եւս չընդունվեց»:
Ըստ Արփինե Հովհաննիսյանի, քանի որ ԱԺ-ում միջազգային փորձն այս հարցում կասկածի տակ շատ դրվեց եւ իր հայտարարություններն էլ սոսկ մերկապարանոց հայտարարությունների հավակնելու տրամաբանության մեջ էին, ինքը ստիպված շատ կարճ անդրադարձ կատարեց նաեւ այդ փորձին. «Երկու մոտեցում կա՝ յուրաքանչյուր խմբակցություն ներկայացնում է էթիկայի հանձնաժողովում այնքան անդամ, որքան ձայներ հավաքել է ընտրությունների արդյունքում՝ խորհրդարանում երկայացված խմբակցությունների ձայներին համամասնորեն: Աշխարհում այս մոդելն է՝ հավասարություն ընդդիմության եւ իշխանության միջեւ: Շատ երկրներ կան, որտեղ մեծամասնությունը մեծամասնություն է նաեւ էթիկայի հանձնաժողովում: Թվարկեմ օրինակ, որտեղ այդպես է՝ Շվեդիա, Ֆրանսիա, Սլովենիա եւ այլն, եւ երկրներ, որտեղ հավասար են՝ Հունգարիա, Ավստրալիա, Լատվիա եւ Լիտվա»:
Կարդացեք նաև
Նա նաեւ անդրադարձավ Դավիթ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ ասելով. «Քանի որ այստեղ շատ հնչեցվեց Դավիթ Հարությունյանի անունը, Դավիթ Հարությունյանը նույնպես պատրաստ է ցանկացած ֆորմատով, ցանկացած անձի հետ ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում բանավիճել: Կուզենայի ասել, որ այս նախագիծն իրոք քաղաքական պատվեր չէ: Էթիկայի հանձնաժողովում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գուցե խթան հանդիսացան փոփոխությունններ ձեռնարկելու համար, սակայն պահն էր հասունացել, եւ դա միայն դրդապատճառ էր, ոչ թե առիթ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ