Լրահոս
Օրվա լրահոսը

37-ի ստվերում

Դեկտեմբեր 19,2012 12:47

Երբ հայտնի ձայնագրությունից հետո պարզ դարձավ, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ու մեկնաբաններ բավականին խանդավառված են այդ գաղտնալսումից, ընկերներիցս մեկը նկատեց, որ Խթը-ն, պարզվում է, ժամանակակից Հայաստանում ջատագովներ ու նույնիսկ ֆանատներ ունի, եւ նրանց մեջ կան բավականին երիտասարդ մարդիկ: Միանգամայն ճիշտ է. հավատաքննության երկրպագու լինելու համար պարտադիր չէ, որ մարդը լինի 70-ն անց ԽՄԿԿ պատմության նախկին դասախոս եւ 37 թվականի բոցաշունչ երկրպագու: Իսկ գուցե խնդիրը հենց այն է, որ մենք այդպես էլ չենք հասկացել, չենք գնահատել ու չենք էլ հետաքրքրվում, թե ինչ է տեղի ունեցել ուղիղ 75 տարի առաջ:

Իսկապես, մենք ի՞նչ գիտենք այն ժամանակաշրջանի մասին: Հիմնականում այն, ինչ 56 թվականին ասել է Ստալինի զինակից եւ նրա հանցագործությունների մեղսակից Խրուշչովը: Անձի պաշտամո՞ւնք: Մի՞թե դա է այն ժամանակաշրջանի գլխավոր առանձնահատկությունը: Հիմա էլ ԲՀԿ-ում կա Գագիկ Ծառուկյանի, ՀԱԿ-ում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Ազգային միաբանությունում»՝ Արտաշես Գեղամյանի անձի պաշտամունքը եւ այլն, հետո՞ ինչ: Արդյոք դա՞ է «37 թվականի» բնորոշիչը, արդյոք իրավացի՞ էին 50-ականների կեսերի կոմունիստները, որ հենց դրա համար էին «քննադատում» ստալինյան ռեժիմը: Ավելի շուտ խոսք պետք է լիներ մեկ այլ՝ բռնության պաշտամունքի մասին, երբ թե ղեկավարությունը եւ թե ժողովուրդը վստահ են, որ մարդկանց կազմակերպելու եւ որեւէ արդյունքի հասնելու միակ մոտիվացիան բռնությունն է, եւ պետության պարտքն է ստեղծել բռնության այնպիսի մեքենա, որը հնազանդ կպահի ժողովրդին եւ կստիպի նրան վախից դրդված ենթարկվել որոշակի խիստ կանոնների: Իսկ ո՞րն է այդ մեքենայի գլխավոր շարժիչը: Նույն ժամանակահատվածում (1933-1945) գերմանացիների մոտ այդ կառույցը կոչվում էր «գեստապո»՝ գաղտնի քաղաքական ոստիկանություն, իսկ Խորհրդային Միությունում ուներ տարբեր անվանումներ, բայց առավել հայտնի է որպես Խթը: Այդ հիմնարկի ոճի մեջ է, մասնավորապես, անանուն մատնագրերի հիման վրա մարդկանց հետապնդումը, քաղաքական հակառակորդների գաղտնալսումը եւ դրանց միջոցով շանտաժը: Եվ նման համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ տվյալ կառույցը գործում է որեւէ վերահսկողությունից դուրս: Համոզված եմ, որ մենք մինչեւ վերջ չենք իմաստավորել, չենք մերժել այն սարսափելի երեւույթները, որոնք կային մեր անցյալում:

Իհարկե, մենք այսօր ապրում ենք բոլորովին այլ երկրում: Պետության ղեկավարը (մասնավորապես՝ իր ելույթում) խոսում է բոլորովին այլ արժեքներից: Բայց արդյոք պետության, իշխանության գործելակերպից վերացե՞լ է Խթը-ական ոճը, արդյոք մեր քաղաքացիների մեծ մասի մոտ առկա՞ է այդ ոճի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք: Արդյոք դուք չե՞ք տեսել մարդկանց, որոնք ասում են՝ «էս երկրին Ստալին է պետք, որ կարգուկանոն հաստատի»: Իսկ քանի այդպես է, կլինեն գաղտնալսումների երկրպագուներ եւ ջատագովներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31