Երեկ Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված «Ինչպես լուծել հակամարտությունները ԵԱՀԿ տարածքում» խորագրով աշխատաժողովը: ԵԱՀԿ շուրջ 150 փորձագետներն ու տարբեր երկրներից ներկայացուցիչներ քննարկեցին հակամարտությունների կարգավորման թեման՝ հաշվի առնելով նաև պատմության ընթացքում այս հարցի կարգավորման հաջողված օրինակները:
Բանախոսները որպես օրինակ բերեցին Գերմանիայի և Ֆրանսիայի, Հոլանդիայի և Ռուսաստանի միջև ծագած հակամարտությունների կարգավորման տարբերակները: Աշխատաժողովը կազմակերպվում էր հունիսին մեկնարկած «Անվտանգության օրեր»-ի շրջանակներում:
Հիմնական բանախոսներն էին Լեհ-ռուսական դժվար կարգավորվող հարցերի խմբի լեհ համանախագահ Ադամ Դենիել Ռոտֆելդը, նույն խմբի ռուս համանախագահ Անատոլի Տարկունովը, գերմանացի քաղաքական փորձագետ Հենրի Մենյուդիերը:
Ինչպես շեշտեցին համանախագահները, քննարկման նպատակն է հաղթահարել ԵԱՀԿ տարածքում գոյություն ունեցող կոնֆլիկտների լուծման հարցում ձևավորված անվստահությունը, ինչպիսիք են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ռուս-վրացական, Կիպրոսի և Թուրքիայի հակամարտությունները:
Կարդացեք նաև
Ա. Ռոտֆելդը հակամարտության կարգավորումը համարեց «բազմավեկտոր, ապաքաղաքականացված գործողության ոլորտ, ինչը ներառում է հասարակական կազմակերպությունների դաշտը»:
Ռուս համանախագահ Ա. Տարկունովն էլ նկատեց, որ քաղաքական կամքը հակամարտությունների լուծման վճռական գործոն է:
Ակտիվ էին նաև քննարկումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
ԵԱՀԿ ներկայացուցիչները բանավեճի ընթացքում ԼՂՀ հակամարտությունը ներկայացրին որպես տարածաշրջանային հակամարտություն, որն ունի խաղաղ կարգավորման տեսլական, ինչը ենթադրում է ապաքաղաքականացված գործընթաց:
Հայկական կողմի ներկայացուցիչները բարձրացրին մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման հարցը և միևնույն ժամանակ նշեցին, որ Ադրբեջանը Մինսկի խմբի հայտարարություններում այդպես էլ կոնկրետ պատասխանատու կողմ ներկայացված չէ: Հայ ներկայացուցիչը հարց բարձրացրեց արդոք այդ փաստը չի՞ խոչընդոտում խնդրի կարգավորմանը, քանի որ պետք է հակամարտող կողմերը հավասարապես կիսեն այդ խնդրի կարգավորման հարցում դերակատարությունն ու պատասխանատվությունը: Համանախագահները ի պատասխան խոսեցին քաղաքական կամքի առաջնահերթության մասին:
Ադրբեջանական կողմից ևս կարծիքներ հնչեցին, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչները՝ խոսելով հակամարտությունների կարգավորման մասին՝ ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս ընթացքը ներկայացրին իրենց համար շահեկան տեսանկյունից՝ բաց թողնելով ԼՂ հակամարտության լուծման առանցքային կետը, որն է ԼՂՀ բնակչության ազգային ինքնորոշման իրավունքը:
Հայկական կողմից սուր էին արձագանքները հատկապես Ռ. Սաֆարովի հարցով: ԵԱՀԿ-ին ուղղված հարցադրումներից մեկում հարց բարձրացվեց, ինչու ԵԱՀԿ-ն չի միջամտում Բաքվի վարած հակահայկական քաղաքականությանը և արդյոք ԵԱՀԿ-ի կողմից առաջիկայում նախաձեռնվո՞ւմ է երկկող հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարության միջև:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ