Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում( դատավոր՝ Զոյա Զաքինյան) ընթանում է Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Հայկ Ներսիսյանի եւ Երեւանի բնակիչ, 1989թ. ծնված Վլադիմիր Խաչատրյանի դատավարությունը: Դատավարության հերթական նիստը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 19-ին:
Ավագ լեյտենանտ Հայկ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրված, որ նա հանդիսանալով պաշտպանական զորամասերից մեկի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, խախտել է զինծառայողների միջեւ փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները եւ իրեն պատկանող լապտերը վերադարձնելու համար փոխադարձ կռվի մեջ է մտել այդ մարտական դիրքում որպես դիրքի ավագի օգնական հերթապահության նշանակված լեյտենանտ Վլադիմիր Խաչատրյանի հետ,հայհոյել է նրան, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Լեյտենանտ Վլադիմիր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված, որ նա լինելով ականանետային մարտկոցի դասակի հրամանատար, լապտերը վերադարձնելու կապակցությամբ կռվի բռնվելով Հայկ Նազարյանի հետ՝ հայհոյել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ երբ Հայկ Ներսիսյանը դուրս է եկել գետնատնակից՝ Խաչատրյանը իր մոտ գտնվող ծալովի դանակով 2 անգամ հարվածել է Հ. Ներսիսյանի կրծքավանդակի ձախ կողմնային պատի եւ ձախ բազկի շրջանում՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:
Վ. Խաչատրյանը կալանավորված է, Հ. Ներսիսյանից ստորագրություն է վերցվել չհեռանալու վերաբերյալ: Նշենք, որ Վ. Խաչատրյանը 2012թ. հունվարի 25-ին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն ) 3-րդ մասի 1-ին կետով, նրա դատվածությունը մարված չէ:
Կարդացեք նաև
Սույն գործով Հայկ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի (զինծառայողների միջեւ փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասով (պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով), իսկ Վ. Խաչատրյանին` 359 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ չորրորդ կետերով (պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով):
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ