Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մաթեւոսյանն իբրեւ ուղենիշ, իբրեւ գրական առաջնորդ, իբրեւ վարպետ

Դեկտեմբեր 19,2012 12:00

Երեկ Հրանտ Մաթեւոսյանի մահվան 10-րդ տարելիցն էր։ Պանթեոնում էին Մաթեւոսյանի ընկերները, գրողներ, ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաեւ գրողի անունը կրող դպրոցի աշակերտներն ու մանկավարժները։

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն իր խոսքում նկատեց. «Մի քանի օր առաջ ռուս գրողների 15 հոգուց կազմված պատվիրակությունը եւ բոլոր ստվարածավալ հանդեսների խմբագիրները, որոնք ժամանակին տպել են Հրանտին, եկել էին Հայաստան եւ երիտասարդ գրողների համար վարպետության դասեր էին անցկացնում։ Բուհերում եւս բոլոր բանախոսների հիմնական թեմաների առանցքը Հրանտ Մաթեւոսյանն էր, նրա ստեղծագործությունները եւ նրա արդիականությունը։ Հրանտի բերած նորույթը ոչ միայն խորհրդային տարածքներում, այլեւ Եվրոպայամ։ Ավելին՝ երբ ես ասացի, հնարավո՞ր է, որ այս խումբը եկել է Հայաստան, ու դուք հատուկ եք կարեւորում ու շեշտադրում մաթևոսյանական ստեղծագործությունը, ֆոնդի տնօրեն Ֆիլատովը պատասխանեց, որ իրենք նույն խմբով եղել են Ղազախստանում, եղել են Մոլդովայում, եղել են ամենուրեք եւ անցած դարի ժամանակային տարածքը՝ 60-70-ական թվականներից մինչեւ այսօր՝ 21-րդ դարի 10-ական թվականները, Հրանտին վերցնում են իբրեւ ուղենիշ, իբրեւ գրական առաջնորդ, իբրեւ վարպետ։ Սա նշանակում է նաեւ, որ մեր պատասխանատվությունը մենք այդքան էլ չենք ցուցաբերում։ Դեռ մինչեւ օրս թանգարանի քարը չի դրվում քարի վրա, մինչեւ օրս մեծանուն գրողի ժառանգությունը հրատարակված չէ։ Եվ սա մեր խնդիրն ու պարտքն է՝ մենք պետք է մեր հրանտասիրությունը արտահայտենք գործով։

Ասեմ նաեւ, որ մի քանի օր առաջ Հայաստանի գրողների միության նախագահությունը որոշեց 2013 թվականին Հրանտ Մաթեւոսյանի արձակի մրցանակը, որը կազմակերպվում է Հայաստանի կառավարության եւ գրողների միության համատեղ նախաձեռնությամբ, շնորհել հայ ժողովրդի ճշմարիտ բարեկամ, Հրանտ Մաթեւոսյանի մտերմագույն բարեկամ Անդրեյ Բիտովին»։

«Մի առիթով Հրանտ Մաթեւոսյանն ասել է՝ որ ինքը լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անբիծ բանաստեղծների երկրին է հավատում։ Գրականությունը նրա համար դավանանք էր, որին հավատաց անվերապահորեն։ Հավատաց՝ հավերժ մնալով մտավոր լույսի պահանջատերը», եզրափակեց Լեւոն Անանյանը։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31