ՀԱՐՑ. Կհիշե՞ք՝ Նոր տարվա գիշերն ի՞նչ հետաքրքիր եւ արտասովոր դեպք է պատահել Ձեզ հետ, որը երբեք չեք կարողանում մոռանալ։
ՊԱՏԱՍԽԱՆ. 1991-92 թվականի գիշերն էր։ Դա «3-րդ ալիք»-ի առաջին Նոր տարին էր։ Ինչպես միշտ, պիտի աշխատեինք ուղիղ եթերում։ Մեզանից առաջ եթեր դուրս եկավ «Հայլուր»-ի Նոր տարվա թողարկումը, սակայն այն ժամանակ «Հայլուր»-ն ընդդիմության ծրագիրն էր, որը պատրաստում էին հետագայում Ազգային հեռուստատեսության ղեկավարներ դարձած Տիգրան Նաղդալյանը, Ալեքսան Հարությունյանը, Վահան Հովհաննիսյանը եւ այլք։ Շատերը կհիշեն նրանց չար կատակը, որը հնչեց հաղորդավար Վարուժան Օլքինյանի շուրթերից, իբր Հայաստանի նախագահին առեւանգել են եւ պահում են Սեւանում։ Այդ կատակը սարսափելի լարվածություն մտցրեց հանրապետությունում։ Շատերը հավատացել էին, քանի որ դեռ թարմ էին Գորբաչովին Ֆարոսում պահելու եւ ԳԿՉՊ-ի իրադարձությունները։ Մարդիկ, փոխանակ Նոր տարի դիմավորեին, ուզում էին հասկանալ՝ ինչ է կատարվում երկրում։ Հեռուստատեսություն ներխուժեցին ինչ-որ զինված ջոկատներ։ Մենք արդեն եթերում էինք, երբ այդ ջոկատները նռնակներով մտան ստուդիա եւ սպառնում էին պայթեցնել բոլորին, եթե հերքում չլինի։ Իհարկե, ամեն ինչ կարգավորվեց, եթերը գնաց իր հունով սակայն ստիպված էինք ամբողջ գիշերվա ընթացքում մի քանի անգամ մարդկանց հանգստացնել՝ բացատրելով որ դա ընդամենը չար կատակ էր։
Մի դեպք էլ կա. ուրեմն Ձմեռ պապիկը շփոթել էր մեր շենքն այլ շենքի հետ, մենք էլ կանչեցինք նրան մեր տուն, մի լավ խմացրեցինք ու հետո իմացանք, որ այն մարդիկ, որոնք կանչել էին Ձմեռ պապիկին, դրսում տեսել էին նրան ու մի լավ ծեծել, իսկ Ձյունանուշն էլ փախել էր։
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ
հաղորդավար
Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Ժողովուրդ»