Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին գործոնի ներազդեցության հարցում ի՞նչ մտահոգություններ ու անհանգստություններ ունեն քաղաքական գործիչները

Դեկտեմբեր 19,2012 11:48

 «Ցավոք, մեզ նման երկրներում արտաքին ուժերի ազդեցությունը բացառել հնարավոր չէ»,- «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ միաժամանակ հավելելով. «Բայց մենք պետք է այնքան խելք ունենանք, որ, գիտակցելով մեր պետության ու քաղաքացիների շահերը, ամեն կերպ բացառենք, թույլ չտանք արտաքին ուժերի միջամտությունը մեր գործերին` մեր հարցերն ինքներս լուծելով»:

Փոխարենը ԱԺ նախագահ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ առանձնապես չի անհանգստացնում այդ երեւույթը. «Չեմ կարծում, որ կա նման մեծ ազդեցություն»։ Արտաքին ուժերի ներգործության մասին ասվածն ընդամենը խոսակցություններ համարելով՝ նա հիշեցնում է. «Մի մոռացեք, որ Հայաստանի քաղաքացիներն են ընտրում երկրի իշխանություններին, եւ որեւէ գործոն մեր քաղաքացիների կամքի վրա չի կարող ներազդել»:

Մինչդեռ տարածաշրջանում մրցակից ու թշնամի պետությունների առկայությունից անհանգստացած Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ասաց, որ կան ուժեր, որոնց նպատակն է վտանգել հայոց պետականությունը, եւ այդ մտահոգությամբ հայ հասարակությանն ու քաղաքական ուժերին զգոնության կոչ արեց. «Մենք մեկ ազգ ենք, միասնական պետություն, նկատի ունեցեք` մեծ են մեզ շրջապատող վտանգները, զգուշացե՛ք»:

ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ եւս անհրաժեշտ համարեց մեր ժողովրդին հիշեցնել, որ ինքն է իր ճակատագրի տերը. «Հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը, չունենալով պետականություն, տիզբոններից, մոսկվաներից կամ էլ վաշինգտոններից էր ակնկալում իր ուժն ու հզորությունը, բայց այսօր չմոռանանք, որ անկախ պետականություն ունենք»:
Նաղդալյանը համոզված է նաեւ, որ եթե անգամ կան ուժեր, որոնք ինչ-ինչ հաշվարկներ ունեն, վաղ թե ուշ գիտակցելու են, որ մեր երկրում իրենց սցենարները հեռանկար չեն կարող ունենալ, իսկ ներսիններն էլ, ըստ նրա, դրսի թույլտվությամբ չէ, որ կարող են հայ ընտրողի աջակցությունը վայելել, քանզի` «բանալին միայն այստեղ է` Հայաստանում»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31