Երեկ, երբ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանին հարցրինք, թե սույն մեկնարկային ելույթով Սերժ Սարգսյանը մինչեւ ուր կարող է հասնել, նա պատասխանեց.
– Կարող ենք ասել, որ նախընտրական կամպանիա է, բնականաբար, նախընտրական կամպանիայի ժամանակ նմանատիպ բազմաթիվ ելույթներ կլինեն։ Սակայն, գեղեցիկ ելույթների ժամանակը վաղուց անցել է, եւ պետք է, այսպես ասած, գործի ժամանակը գա, իսկ գործը չկա։ Այդ ելույթից մի քանի օր անցել է, բայց դեռեւս պարենային եւ ոչ պարենային մի քանի տասնյակ անուն ապրանքատեսակների ներկրման մենաշնորհը պահպանվել է, նշանակում է՝ այդ ելույթն արժեք չունի, ելույթն ազդեցություն չի ունեցել, դա ուղղակի նախընտրական կամպանիայի տեսակետից պետք է գնահատել։ Ի վերջո, ճառ ասելու ժամանակը վաղուց է անցել, զանգ կախող է պետք, զանգ կախողը չկա։
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդ ելույթի մեջ ոչ մի թիվ չկար, որեւէ ցուցանիշ ներկայացված չէր, ոչ մի կոնկրետ բան չկար, բացի խոստումներից։ Հինգ տարի իշխանության մնացած ղեկավարը ներկա ցուցանիշներով ինչպե՞ս է պատրաստվում գնալ երկրորդ ժամկետի։
Կարդացեք նաև
– Իսկ ինչո՞ւ պետք է թվեր լինեին։ Կրկնում եմ, դա ընդամենը նախընտրական կամպանիա էր, նմանատիպ ելույթներ լսել եք այս վերջին 20 տարում եւ ոչ միայն 20 տարում։ Շուտով կուսակցությունների համագումարներ տեղի կունենան, նորից կլսեք նմանատիպ գեղեցիկ ելույթներ։ Բայց, կրկնում եմ, վաղուց գեղեցիկ ելույթների ժամանակն անցել է, ով ցանկանում է գործ անել, նա առանց ելույթի գործ է անում, ով չի ցանկանում, կարելի է 400 հատ նման
ելույթ ունենալ, կարեւորը գործն է։ Չեմ կարծում, որ այդ ելույթը հասարակության վրա ինչ-որ տպավորիչ ազդեցություն է թողել, որովհետեւ հասարակությունն իր պատասխանը արդեն տվել է։ Նա տասնյակ հազարներով հեռանում է։ Այս արտագաղթի ցուցանիշն է հասարակության վերաբերմունքը իշխանությունների եւ նրա առաջնորդի ելույթի նկատմամբ։ Մենք տեսանք, որ հասարակությունն անտարբեր է. մի երկու-երեք օրից
այդ ելույթը կմոռացվի, կգնա։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի ողջ բնակչությունը շունչը պահած, սպասում էր, որ Սերժ Սարգսյանը այդ համագումարի ժամանակ ելույթ ունենա։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»