Լրահոս
Օրվա լրահոսը

Աչոն մականունով մատուցողին պաշտպանել են մարմնավաճառները

Դեկտեմբեր 19,2012 11:28

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ մեկ տարվա ազատազրկման է դատապարտել 52-ամյա Վարսենիկ Հայրապետյանին, որն աշխատել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում: Ըստ էության դա հյուրանոցային համալիր էլ չի եղել, այլ բաղնիք՝ 8 լոգախցիկով, 3 հյուրանոցային համարով:

Վարսենիկ Հայրապետյանը մեղադրվել է, որ 2007-11թթ. մտերիմ հարաբերությունների մեջ լինելով Էջմիածնի «հայտնի մարմնավաճառներ» Շ. Ս.-ի, Ս. Բ.-ի հետ, «իր պարտականություններից դուրս», 2 ժամը 5000 դրամ գումարի դիմաց հանրային հաստատությունն օգտագործել է որպես պոռնկությամբ զբաղվելու վայր:

Վ. Հայրապետյանը ոչ միայն առաջին ատյանի դատարանում զղջացել էր իր կատարած արարքի համար, այլեւ վերաքննիչ բողոք էր բերել ՀՀ վերաքննիչ դատարան, խնդրելով բեկանել իր վերաբերյալ կայացրած դատավճիռը եւ գործն ուղարկել մարզի դատարան՝ այլ կազմով քննելու համար:

Բողոքի քննությունը նշանակվել է դեկտեմբերի 25-ին, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ: Այս գործով վկայություն տված մարմնավաճառները դատարանին հայտնել են, որ զբաղվում են մարմնավաճառությամբ 7-8 տարի, որ հայտնվելով բաղնիք-հյուրանոցում, նրանք երբեք էլ չեն տեսել Աչոն մականունով մատուցողին եւ իրենց գումարը սենյակի համար վճարել են հաճախորդները:

Մարմնավաճառ Շ. Ս.-ն հայտնել էր, որ ինքը մտել է հյուրանոց առանց ուղեկցի, խուսափել է Աչոնին տեսնել, քանի որ ամուսինն այդ մասին կիմանար:

Մյուս մարմնավաճառը՝ Ս. Բ.-ն հայտնել էր, որ «իր ծառայություններից օգտվող անձինք զանգահարել են իր բջջային հեռախոսահամարին՝ իր հետ սեռական հարաբերություն ունենալու համար», բազմիցս հանդիպել են հյուրանոցային համալիրում, մատուցող Վ. Հայրապետյանը բարեհամբույր ձեւով իրեն ընդունել է, խնդրել է, որպեսզի օգտվի միայն իր ծառայությունից, որովհետեւ նրա հաճախորդների միջոցով գումար է վաստակում:

Դատարանը գտել էր, որ մարմնավաճառները պաշտպանության տակ են առել Աչոնին, փորձում են նրան անխուսափելի պատժից ու պատասխանատվությունից ազատել:

Վարսենիկ Հայրապետյանի նկատմամբ այս պահին ընտրված խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31