Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները ընտրակեղծիքներին նոր տեսք են հաղորդել

Դեկտեմբեր 19,2012 11:22

Վաշինգթոն/Լոս Անջելես/Երևան – Ընթացիկ տարվա սկզբին, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության աճող ճնշման ներքո, 2012 թվականի խորհդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկեց ընտրակեղծիքները և աղավաղումները նվազեցնելու նպատակով: Այնուամենայնիվ, համաձայն ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպության հատուկ զեկույցի` իրական ընտրական բարեփոխումները Հայաստանում կրկին խափանվեցին, պարզապես այս անգամ զոհ դառնալով ավելի հնարամիտ և լավ թաքցված կեղծարարության միջոցներ:

«Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները» զեկույցը խորքային վերլուծություն է պարունակում ընտրություններին նախորդած քաղաքատնտեսական և օրենսդրական զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև ամփոփում է առանցքային շահառուների՝ ընդդիմադիր կուսակցությունների, միջազգային դիտորդների, տեղական քաղաքացիական հասարակության խմբերի արձագանքները նշված ընտրությունների արդյունքների առընչությամբ:

Այս զեկույցը նման այլ զեկույցներից շահեկանորեն տարբերվում է վերլուծաբանների կողմից իրականացված վիճակագրական մի շարք թեսթերի, որոնք համահունչ են շահառուների արձագանքների հետ: Այս վիճակագրական արդյունքները խոսուն վկայություն են շարունակական և ռազմավարական բնույթ կրող ընտրակեղծիքների մասին, և բացահայտում են այս արատավոր պրակտիկայի հիմնական շահառուին, որն է իշխող կուսակցությունը:

Մեկնաբանելով զեկույցի արդյունքները՝ Լոնդոնում գործող Արտաքին քաղաքականության կենտրոնի (Foreign Policy Centre) քաղաքականության գծով տնօրեն Ադամ Հագը նշում է. «Այս կարևոր և մանրամասն զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի ընտրությունները ազատ և արդար որակելու համար: Մասնավորապես վիճակագրական վերլուծության արդյունքները կարծես թե ցույց են տալիս, որ ընտրությունների կազմակերպիչները հաջողությամբ կարողացել են հարմարվել օրենսդրական փոփոխություններին և արտաքին ճնշմանը (արտագաղթած Հայաստանի քաղաքացիների տվյալների ապօրինի օգտագործման և ձայների հաշվարկի ընթացքում իրականացված խախտումների միջոցով), ինչը խորապես մտահոգիչ է: Հայաստանը պետք է բարելավի ընտրական գործընթացները ապագա ընտրական արդյունքների նկատմամբ միջազգային հանրության և որ ամենակարևորն է` Հայաստանի հասարակության վստահությունը ձեռք բերելու համար»:

PFA-ի ավագ փորձագետ Արմինե Իշխանյանը՝ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցից (London School of Economics), շարունակում է, նշելով, որ «Հմտորեն թաքցվող ընտրակեղծիքների միջոցների և մեխանիզմների շարունակական կատարելագործումը արտաքին դիտորդների համար դժվարացնում են կեղծիքների կոնկրետ դրսևորման վերհանումն ու արձանագրումը: Սա ընտրակեղծիք 2.0 է (նոր սերնդի ընտրակեղծիք): Զեկույցի հեղինակները կիրառել են հետազոտության և  վերլուծության առկա բոլոր գործիքները այս ընտրակեղծիքների վրա լույս սփռելու և հանրությանը Հայաստանում ընտրակեղծարարության կենդանի  և  բարվոք լինելու մասին վիճակագրական հիմնավորումներ տրամադրելու համար: Կարևոր հարցը հետևյալն է. ինչպիսի՞ն են գալիք նախագահական ընտրությունների հեռանկարները»:

PFA-ի խորհրդի անդամ, լոսանջելեսաբնակ փաստաբան Էդգար Մարտիրոսյանը նշում է, որ ազատ և արդար ընտրությունները ինքնանպատակ չեն: «Ավելի լավ ընտրությունները հավանական է, որ կապահովեն ավելի լավ կառավարում և ավելի ամուր հասարակական համախմբվածություն», – պնդում է նա: «Եվ միջազգայնորեն ընդունված եզրակացություն է, որ լավ կառավարումը տնտեսական զարգացման և առաջընթացի հիմնական շարժիչ ուժն է զարգացող երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը»:

PFA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31