Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրությունը դեպի Արևելք

Դեկտեմբեր 19,2012 10:37

ՀՀ ներքաղաքական կյանքում առաջացած ճահիճը բերել է մի վիճակի, երբ քաղաքական կյանքին ամեն մի մասնակցություն անիմաստ է։ Խորհրդարանի իրենց հարգող քաղաքական ուժերն ու գործիչները լավ կլինի բոյկոտեն նիստերը՝ խորհրդարանը վերածելով ուսանողական տարիներին ինֆորմատորի պարտականությունները սրբությամբ կատարած մի քանի ինքնասիրահարված երիտհանրապետականների գործելու դաշտի, որտեղ նրանք դեռ կդաստիարակվեն Գալուստ Սահակյանի ցինիզմով և Տիգրան Սարգսյանի դեմագոգիկ ելույթներով։ Քաղաքական դաշտում գործող մի ստվար զանգվածի մոտ, և ոչ միայն հանրապետականների մեջ, քաղաքականությունը հենց դա է, որ կա։

Հետաքրքիր վիճակ կարող է ստեղծվել առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ, որն աչքի կընկնի աննախադեպ ցածր մասնակցությամբ։ Փող էլի կբաժանվի, բայց ոչ թե որևէ թեկնածուի օգտին քվեարկելու, այլ ուղղակի ընտրատեղամաս գնալու համար։
Սերժ Սարգսյանն իր հաղթանակը կարող է ապահովել նաև արդար ընտրությունների միջոցով, էպոսագետի հետ մրցապայքարում, ինչը, սակայն, չի ավելացնի նրա լեգիտիմությունը և ավելի կթուլացնի Հայաստանը։ Պաշտոնական Երևանը կդառնա խիստ խոցելի և ենթակա ճնշումների ղարաբաղյան բանակցություններում, ինչպես նաև տարբեր վերազգային միությունների մեջ ներքաշման գործում։ Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանից հետո իշխանությունը ժառանգելու համար ներքին պայքարը իշխանության ներսում ևս կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների՝ երկիրն արտաքնապես ավելի կախյալ դարձնելով։

Այս պարագայում հայության կյանքում կրկին կարևոր դեր կարող է խաղալ Արցախը։ Հուլիսին անցկացված նախագահական ընտրությունները նոր հույսեր արթնացրին և նոր կրակներ վառեցին մարդկանց մեջ՝ լրացուցիչ հավատ ներարկելով սեփական ուժերի և փոփոխությունների նկատմամբ։ Եթե ժամանակին ՀՀ-ում արթնացած պայքարի ոգին սեփականաշնորհվեց մի խումբ մարդկանց կողմից, ովքեր չկարողացան նույնիսկ մի առաջնորդի հոգեբանական սինդրոմը հաղթահարել, ինչն էլ բերեց կրակի մարմանն ու ուժի հեղինակազրկմանը, ապա Արցախում նախագահական ընտրություններից անմիջապես հետո քաղաքական մթնոլորտի փոփոխության մեջ հսկայական ներդրում ունեցած Վիտալի Բալասանյանը չսեփականաշնորհեց այդ մթնոլորտը և իր կողմնակիցների կողմից չհռչակվեց միակն ու անփոխարինելին։ Սա հիանալի հնարավորություն է նոր առաջնորդների և նոր քաղաքական ուժերի առաջացման համար։

Բալասանյանի և նրա որոշ կողմնակիցների կողմից ստեղծված «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը հայտարարեց իշխանության չհավակնելու մասին՝ դառնալով յուրատեսակ բարոյական հեղինակություն, որն իր կարծիքը կհայտնի ժամանակ առ ժամանակ և կզբաղվի ժողովրդի մեջ քաղաքացիական ոգին վառ պահելով։ «Սահմանադրական Արցախն» ունի ներուժ նման գործունեություն իրականացնելու, նրա առանցքային դեմքերից է Մասիս Մայիլյանը, որը 2007թ. նախագահական ընտրությունների ժամանակ այլընտրանքային թեկնածու էր՝ առաջինը Արցախի Հանրապետության պատմության մեջ։

Դաշտն այժմ բաց է նոր առաջնորդների և նոր ուժերի առաջացման համար։ Արցախում քաղաքականությունն ու քաղաքական գործընթացներն այնքան վարկաբեկված չեն, որքան ՀՀ-ում, փողը մեծ դեր չի խաղում, ճնշումներն էլ արագ սահմանափակվում են համապատասխան դիմադրության դեպքում։

Արցախում քաղաքական կյանքի աշխուժացումը, ժողովրդի ակտիվ մասնակցությունը քաղաքական կյանքին և շոշափելի արդյունքների գրանցումը կարևոր ազդեցություն կարող են ունենալ հայաստանյան քաղաքական կյանքի վրա՝ թույլ տալով երկիրը դուրս քաշել առկա ճահճացումից։

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31