Այսօր Վանաձորի հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ կրթական ոլորտում աշխատող անձինք հնարավորություն ունեցան հանդիպելու ԱՄՆ Կանզաս նահանգի սենատոր Քրիս Ստայնեգերի եւ բնապահպան Շերի Վիլսոնի հետ:
Հանդիպումների ժամանակ քննարկվեցին ինչպես քաղաքական կյանքում երիտասարդության ներգրավվածության խթանման, նախընտրական շրջանում խնդիրների հաղթահարմանն ուղղված մոտեցումներին վերաբերող մի շարք հարցեր, այնպես էլ քննարկվեցին տարածաշրջանի բնապահպանական արդիական խնդիրները, ներկայացվեցին բնապահպանական կրթության եւ «կանաչ դպրոցների» ստեղծման մեթոդները :
«Քննարկումները հիմնականում վերաբերում են տարածաշրջանի բնապահպանական խնդիրներին, բնապահպանական կրթությանը, որոնք միտում ունեն հետագայում սերտ համագործակցություն ստեղծելու Կանզաս նահանգի եւ հայաստանյան դպրոցների միջեւ, փոխանակելու ունեցած փորձը, նպատակ կա նաեւ ուսուցիչների վերպատրաստում` շրջակա միջավայրի վերաբերյալ կրթական ծրագրերի մշակման հետ կապված»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է բնապահպան Շերի Վիլսոնը:
Նրա խոսքերով` անհրաժեշտ է երեխաների շրջանում պատասխանատվություն սերմանել դեպի շրջակա միջավայրի պահպանությունը, իսկ այդ հարցում մեծ է ուսուցիչների դերը:
Կարդացեք նաև
«Ես տպավորված են այն մարդկանցով, ովքեր այցելել են իմ հանդիպումներին, զգացվում է, որ մարդիկ իրապես անհանգստացած են շրջակա միջավայրի վերաբերյալ եւ փորձում են ինչ-որ բաներ անել: Հուսով եմ, որ համագործակցություն կստեղծվի Կանզասի եւ Հայաստանի դպրոցների միջեւ »,-ասում է Շերի Վիլսոնը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ