Բոլոր հայերը չէին կարող տեղավորվել Լերմոնտովի անվան մարզային գրադարանի համերգասրահում, չէ որ վեց հազար հայ կա մեր մարզում: Գրում է «Պենզա ինֆորմ» պարբերականը Պենզայում անցկացվող ազգային մշակույթի օրերի մասին` նշելով, որ համերգին ներկա էին հայ համայնքի ամենաակտիվ անդամները:
«Հայկական մշակույթի օրերը մենք անցկացնում ենք «Ընկերության պսակ» երկրամասի ազգային մշակույթների փառատոնի շրջանակներում: 2012թ. մենք կազմակերպել էինք թաթարական, մոռդովական, չուվաշական մշակույթի օրեր, և ահա տարվա վերջում որոշեցինք նման միջոցառում կազմակերպել հայերի համար: Այս միջոցառումները կազմակերպվում են երկրամասի ազգային ավանդույթների քարոզչության և պահպանման նպատակով», – ասել է երկրամասի ազգային մշակույթի տան տնօրենի տեղակալ Գուլֆիա Բատկաևան:
Տոնական միջոցառմանը հրավիրել էին նկարիչների, որոնք պատմել են հայկական արվեստի առանձահատկությունների մասին. «Կտավները առանձնանում են վառ գույներով, քանի որ Հայաստանը շատ գունեղ է և պայծառ», – բացատրել է Ջեմմա Մախիյանը: «Իմ կինը հայ է, նրա բարեկամները մեզ հրավիրել էին իրենց մոտ, այնպես որ Հայաստանում ես այցելել եմ բազմաթիվ տեսարժան վայրեր, իսկ երբ Ռուսաստան վերադարձա, մի քանի նկար նկարեցի իմ տպավորություններից», – պատմել է Ալեքսեյ Կամենևը:
Հավաքվածների համար ելույթ են ունեցել Պենզայի ստեղծագործական խմբերը, ինչպես նաև փառատոնին մասնակցելու համար Ուլյանովսկից ժամանած հյուրերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ