Իջեւանցի փաստաբան Ռադիկ Պապյանը, հանդիսանալով քրեական գործով մեղադրյալ Էդվարդ Քոսակյանի շահերի պաշտպան, վերջինիս նախնական կալանքից ազատելու պատրվակով Է. Քոսակյանի հորը` Սերժիկ Քոսակյանին համոզել, դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց եւ խաբեությամբ հափշտակել է վերջինիս 3000 ԱՄՆ դոլլարը: Ռ. Պապյանը, չարաշահելով Ս. Քոսակյանի վստահությունը, իր ծանոթ պաշտոնատար անձանց կաշառք տալու և պաշտպանյալ Է. Քոսակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով Ս. Քոսակյանից պահանջել է 5000 ԱՄՆ դոլար գումար, ապա վստահությունն ամրապնդելու նպատակով 2011թ. փետրվարի 28-ին Էդվարդ Քոսակյանին է վերադարձրել վերջինիս անձնագիրը, հավաստիացնելով, որ քրեական գործը կարճվել է: Է. Քոսակյանը ստանալով իր անձնագիրը, Բագրատաշենի մաքսային անցակետով լքել է ՀՀ-ի տարածքը, որի համար վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գիտակցելով, որ Ռ. Պապյանը նպատակ է հետապնդում խարդախությամբ հափշտակել իր 5000 ԱՄՆ դոլարը, Սերժիկ Քոսակյանը հրաժարվել է վերջինիս գումար տալ: 2012թ. սեպտեմբերի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ռադիկ Պապյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանը վճռել է վերը նշված 2 հոդվածներով Ռ. Պապյանին դատապարտել 500 000-ական դրամ տուգանքի եւ ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշման կիրառումով՝ նրան ազատել այդ տուգանքներից: Դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ռ. Պապյանին դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման եւ կիրառել համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը ու նշանակված ազատազրկման ձևով պատժի չկրած մասը կրճատել մեկ քառորդով: Ռ. Պապյանը բողոքարկել էր այդ դատավճիռը՝ պահանջելով իրեն անպարտ ճանաչել: Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը(նախագահող դատավոր Ս. Համբարձումյան, դատավորներ Ա. Պետրոսյան, Մ. Պետրոսյան) որոշել է վերաքննիչ բողոքը մասնակորեն բավարարել: Դատարանը վճռել է, որ փաստաբանի կատարած արարքները պետք է որակվեին միայն ՀՀ քր. Օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կաշառք տալուն դրդելու փորձ) լրացուցիչ որակման: Մինչ ընթանում էր Ռ. Պապյանի դատավարությունը, նա բաժանվել է իր կնոջից՝ խարդախության համար դատվող Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանից եւ եւ ամուսնացել Դիլիջան քաղաքից մի աղջկա հետ:
Այսպիսով նոր ամուսնությունը բախտավոր եղավ Պապյանի համար եւ Վերաքննիչ դատարանի վճռով նա ազատվեց ազատազրկման պատժից եւ տուգանքներից: Դատախազությունը մեկ ամիս ժամկետում կարող է բողոքարկել Վերաքննիչ դատարանի վճիռը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ