Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը ճնշում է իշխանությանը. Նիկոլ Փաշինյանը սպառնում է հրաժարական տալ

Դեկտեմբեր 18,2012 20:30

«Ընդդիմությունը Էթիկայի հանձնաժողովում ոտնահարում է քաղաքական մեծամասնության շահերը, ճնշում է նրան, հանիրավի հետապնդում»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ: Հիշեցնենք, որ նախագիծը ենթադրում է հանձնաժողովում քաղաքական ուժերի միջեւ հավասարակշռություն հաստատել. Երեքական ներկայացուցիչ պետք է ունենան իշխանությունն ու ընդդիմությունը, այլընտրանք ԲՀԿ-ն` մեկ ներկայացուցիչ: Փաշինյանը, շարունակելով սարկազմը, կոչ արեց միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին քննության առնել սույն փաստը:

Այնուհետեւ, Փաշինյանն անդրադարձավ հանձնաժողովի նիստի մանրամասներին, որի ժամանակ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը լքել էր քննարկումը, քանի որ իրեն զրկել էին ձայնի իրավունքից: ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, եւ Փաշինյանն իրեն իրավունք վերապահեց որոշ մանրամասներ հրապարակել, քանի որ ավելի վաղ դա արել էր ՀՀԿ-ի ներկայացուցիչը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որպես հանձնաժողովի նախագահ, պահպանելով ԱԺ Կանոնակարգ օրենքը, քաղաքական մեծամասնության կամոք ընդդիմության հրավիրած տապալված արտահերթ նիստի վերաբերյալ հարցի քննարկմանն ապահովել է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի անդամի կարգավիճակով չմասնակցի իր հարցի քննարկմանը. «Ունենք նախադեպ, երբ ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի եւ Արծվիկ Մինասյանի մասին դիմումն էր քննարկվում, Արծվիկ Մինասյանն ինքը բարձրաձայնեց Կանոնակարգի հոդվածը եւ ասաց, որ օրենքի համաձայն չի կարող մասնակցել իրեն վերաբերվող հարցի քննարկմանը: Այդ ժամանակ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չառարկեց: Երբ ընդդիմությունն է օրենքը պահպանում, իշխանությունն ասում է` դա հալածանք է»:

Փաշինյանը կարծում է, որ այս նախագծով քաղաքական մեծամասնությունը կաթվածահար է անում ԱԺ էթիկայի  հանձնաժողովի աշխատանքը, որովհետեւ մտնում է նաեւ վետոյի իրավունք: Փաշինյանը փաստեց, որ դա ընդդիմությանը պետք չէ: Նրա կարծիքով, վետոյի իրավունքի ամրագրմամբ հանձնաժողովն ապօրինի որոշումներ կկայացնի:

Իր ելույթի վերջում պատգամավորը հայտարարեց, որ եթե մեծամասնությունը կողմ քվեարկի այս նախագծին, ինքը կհրաժարվի Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Քվեարկությունը կկայանա վաղը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31