Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը սպանել է սիրո պատճառով. «Որ սիրեր, կսպանե՞ր»-ասում է զոհի աղջիկը

Դեկտեմբեր 18,2012 20:08

Դիաննայի մայրը՝ Վալյա Նահապետյանը, Դիաննայի նկարը ձեռքին

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մի դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:

Մի քանի օրում ցավից ու վշտից հասունացած 17- ամյա Անահիտը փորձում է առանց հուզմունքի, ի մի բերելով  շաղված մտքերը, պատմել, թե ինչպես, ընդամենը երկու շաբաթ առաջ, զրկվեցին մորից,  սակայն սաթի նման սև աչքերը արցունքներից խեղդվում են:
«Քնած էի, ժամը չորսին արթնացա մամայիս բղավոցներից: Քույրս` Արփինեն, դեռ քնած էր: Արագ վազեցի, տեսնեմ  ճաշասենյակի դուռը կողպված է, ու Վալոդն էլ  մամային էն կողմից  հրում է անընդհատ: Մաման գոռում էր, որ ես բացեմ դուռը: Վազեցի խոհանոց, գդալ բերեցի ու հեշտ դուռը բացեցի: Ներս մտա, տեսա վազը վերցրել է ու խփում է…, – պատմում է Անահիտը, – Մամային փորձեցի փախցնել, բայց ետևից հասցրեց էլի խփել: Հետո մամային  քարշ տալով  բերեց խոհանոց, ու սկսեց դանակով հարվածել: Օգնություն էինք կանչում, խնդրում էինք, որ այդ բանը չանի, բայց մեզ չէր լսում, մեր աչքի առաջ սպանում էր մամային»:
Անչափահաս աղջիկների ներկայությամբ խորթ հայրը` 51-ամյա Վալոդյա Մուրադյանը, դեկտեմբերի չորսին սպանում է կնոջը` 35-ամյա Դիաննա Նահապետյանին: Քույրերից 14-ամյա Արփինեն ընդհանրապես չի խոսում:

Դիաննայի մայրը` 58-ամյա Վալյա Նահապետյանը, ասում է, որ աղջիկները սթրեսի մեջ են, սեփական աչքերով են տեսել այն գազանությունը, որին ենթարկվել է մայրը:Տեսնելով, որ չեն կարողանում փրկել մորը, քույրերը վազել են դուրս: Չորրորդ հարկից վազելով դեպի ներքև, օգնություն կանչելով հասցնում են ծեծել  հարևանների դռները, սակայն ոչ ոք չի արձագանքում: Ոտաբոբիկ աղջիկները վազում են մինչև Ոստիկանության շենք: Մինչև բնակարանից դուրս փախչելը խորթ հայրը հասցնում է դանակի հարվածով վնասել նաև  Անահիտի ոտքի տակը:
«Լավա էս երեխեքը դուրս են փախել, թե չէ հավատացած եմ սրանց էլ կսպաներ, ու ես ինչ պետք է անեի, գոնե երեխեքով եմ մխիթարվում»-ասում է Դիաննայի մայրը:
Մինչ դեպքի վայր է հասնում Ոստիկանությունը, մարդասպանը, փակելով դուռը արդեն իսկ մահացած կնոջ վրա, դիմում է փախուստի: Սակայն հաջորդ օրը, ներկայանալով Ոստիկանության Շենգավիթի բաժին, խոստովանում է, որ սպանությունը կատարել է ինքը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Արարատի մարզի քննչականի բաժնի Արարատի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 104-րդ հոդվածի (Սպանություն) հատկանիշներով:
Դիաննայի հայրական տունը գտնվում է Արարատի մարզի Արմաշ գյուղում, որտեղ և այժմ տեղափոխվել են ապրելու նրա երկու աղջիկները:
Դիաննայի մայրը` Վալյան, ասում է, որ երեք աղջիկ է ունեցել, որոնցից ամենափոքրը մահացել է 14 տարեկանում` մանկական ինսուլտից:  Քույրերից միջնեկն ամուսնացել ու ապրում է ԱՄՆ-ում: Դիաննան առաջին անգամ ամուսնանում է 17 տարեկանում: Առաջին ամուսինը նույնպես Արմաշից է լինում: Տասը տարվա համատեղ կյանքում ունենում է երկու աղջիկ, որից հետո բաժանվում է ամուսնուց:

Որոշակի ժամանակ անց` 2006 թվականին, Դիաննան հանդիպում է ԱՄՆ-ում ընտանիքը թողած ու  Հայաստան եկած Վալոդյա Մուրադյանին, ով ԱՄն-ում բնակվող քրոջ ամուսնու հեռավոր ազգականն էր: Դիաննայի մայրն ասում է, որ ինքը դեմ էր Վալոդյայի ու Դիաննայի մեկ հարկի տակ ապրելուն, սակայն աղջիկը չի լսել իրեն: «Շատ եմ պայքարել, որ Դիաննան բաժանվի այդ մարդուց, անգամ նրան ուղարկեցի Սոչի` եղբորս մոտ, բայց այդ Վալոդը գնաց նրան այնտեղ էլ գտավ:  Դրանից առաջ էլ այստեղ` Հրազդանում էին ապրում: Նա անընդհատ ինչ-որ պատմությունների մեջ էր ընկնում: Ինչ-որ մարդկանց   փողեր էր պարտք, ու իրեն տարել էին Վարդենիսում պահել: Դիաննաս պարտքեր արեց, ու գնաց դրան էնտեղից բերեց» – փորձում է Դիաննայի կյանքից հատվածներ ներկայացնել մայրը:
Ասում է, որ Վալոդիայի հետ կապը ճատակագրական եղավ աղջկա համար, ու նա այդ կապի համար վճարեց  իր երիտասարդ կյանքով:

Որոշակի ժամանակ Դիաննան ամուսնու, մոր ու աղջիկների հետ ապրում է Աբխազիայում, որտեղ Վալոդյան մեքենաների առք ու վաճառքով է զբաղվում: Վայելում է տեղի հեղինակություններից մեկի հովանավորչությունը: Շուտով սպանվում է այդ հեղինակությունը, որից հետո անհայտ մարդիկ տանում են Վալոդիայի բոլոր մեքենաները:

«60 հազար դոլար էր մարդկանցից խաբել վերցրել, խոստանալով մեքենաներ բերել: Հազիվ փախան Աբխազիայից Ռուսաստան, թե չէ սպանելու էին իրեն: Դրանից հետո էլ թռավ Մեքսիկա, որպեսզի այնտեղից անցնի ԱՄՆ, սակայն նույն ինքնաթիռով ետ էին ուղարկել Ռուսաստան, մուտքի վիզայի թույլտվություն չունենալու պատճառով,-պատմում է Վալյան: – Միայն որոշակի ժամանակ անց նրա մայրը կարողացավ տղայի գործերը սարքել ու նորից նրան ԱՄՆ տանել»:
Ամուսինները բաժանվում են: Սակայն անգամ այն կիսագնդից   Վալոդյան հանգիստ չի տալիս Դիաննային: Զանգեր, խոստովանություններ, որ սիրում է ու առանց նրա չի պատկերացնում իր կյանքը: «Զանգում էր, ասում, որ գալու է: Դիաննան էլ ասեց, էդ դեպքում ինձ համար այստեղ տուն առ գոնե, որ գաս տեղ ունենանք ապրելու: Փող ուղարկեց, Դիաննան մի հատ հին տուն առավ Արարտում, դա սուտ ասել չի լինի:  Տանջանքով տունը` տուն սարքեց, վերանորոգեց: Դա էլ եկավ ու սկսեցին միասին ապրել: Մեքնենաներ էր բերել ու դրանց վաճառով էր զբաղվում» – պատմում է մայրը:
Սակայն ամուսինների միջև անհաշտությունը շարունակվում է, կռիվներ ու վեճեր լինում էին գրեթե ամեն օր:
«Մամային հանգիստ չէր թողնում, անընդհատ խանդում էր, փողոցով անցնեին մեկը նայեր, սկսվում էր կռիվը, մաման ջահել էր, շատ սիրուն: Հեռախոսը վերցնում էր ստուգում, պահում մոտը, անշնորհք հայհոյանքներ ասում: Դեպքից երկու օր առաջ  մաման իրեն դուրս էր հանել տանից: Բայց մի օր էլի եկավ, – պատմում է Անահիտը,- Այդ օրը համ վիճում էին, համ չոքել էր ու մամայից ներողություն էր խնդրում, մամաս էլ խղճով էր…Նկարահանել եմ  այփադովս  ոնց էր մամային հրում, վիրավորում: Միշտ ասում էի մամա զգույշ եղի, քեզ մի բան կանի: Չեմ կարծում, որ սիրում էր, որ սիրեր, կսպանե՞ր.»-ասում է Անահիտը:
Հարևանները Դիաննային նկարագրում են, որպես քիչ շփվող, ու հպարտ մարդու:  Ասում են, որ շատ ժամանակակից էր հագնվում, արտասահմանյան մեքենա վարում:«Գեղեցիկ դիմագծերով  կին էր, բայց ընդհանարպես նրանք ոչ ոքի հետ կապ չունեին: Նրանց տանը միշտ էլ վեճ ու կռիվ էր» – ասում են հարևանները առանց ներկայանալու:
Վալյա Նահապետյանը աղջկա մահվան լուրը իմանում է ԱՄՆ-ում: Ասում է, որ դեպքից երկու օր առաջ էր խոսել Դիաննայի հետ:

«Ասում էի` չի լինում ապրել` բաժանվեք, հեռացի իմ աղջկանից, էս 21-րդ դարն է:  Դու գնա քեզ համար ապրի, ես էլ իմ թոռներին  կպահեմ: «Շանթ»-ի եթերից  առանց ամաչելու ասում է, որ սիրել է Դիաննային: Քննիչին ասացի, որ այդքան սիրած կնոջը  կարելի էր բարկացած ժամանակ մի հատ ապտակել, խփել,  բայց նա 25 դանակի հարված է հասցրել աղջկաս, մտածված  կոկորդին էլ է հարվածել , որ  տեղում մեռնի, նա մտածված Դիաննային  տանջամահ է արել: Երեխեքս ոնց որ խանգարված լինեն»-արցունքները կուլ տալով ասում է Վալյան:
Մայրը խեղդվում է ցավից, Դիաննայի տառապալի մահվան վշտից:
Անահիտը ասում է. «Մամայիս մեյք ափ էին արել, բայց էլի սևացած էր, իսկ ինքը այնքան գեղեցիկ էր, ոնց որ 15 տարով ծերացած լիներ»:

Որպես Դիաննա Նահապետյանի իրավահաջորդ հանդես է գալու մայրը` Վալյա Նահապետյանը: Նա պատրաստվում է փաստաբան վարձել, ով կպաշտպանի իրենց շահերը:  Արագ Արձագանքման Խումբն այդ հարցում կաջակցի Վալյային: Ասում է, որ դատի է տալու «Շանթ» հեռուստաընկերությանը «911» հաղորդումով Դիաննայի սպանության պատմությունը նման միակողմանի լուսաբանելու համար:
«Ի՞նչ բարոյական իրավունքով են նման նյութ հեռարձակում:  Լավ, չեն մտածում Դիաննան մահացավ գնաց, ոչինչ չի տեսնում, բա էս երեխե՞քս…մարդասպանին են խոսեցնում, հարևաններին, բա մի հատ եկեք ինձ էլ հարցրեք…»-ասում է Վալյա Նահապետյանը:

Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ https://rru.swv.am/:

Գայանե Մկրտչյան
Հետաքննող լրագրող
ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31