Այսօր վերջին նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ սկսեց քննարկել ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը, որով նախատեսվում է քաղաքական ուժերի միջեւ հավասարակշռություն ստեղծել ԱԺ Էթիկայի հանձանժողովում: Հիշեցնենք, որ այս հարցը խորհրդարանում դարձավ կրքերի բորբոքման առիթ: Դաշնակցական պատգամավորներին հետաքրքրում էր թե ինչու է հարցը ներկայացնում Արփինե Հովհաննիսյանը եւ ոչ թե Դավիթ Հարությունյանը, ինչն էլ դուր չեկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու վերջինս «կանգնեց» օրիորդ Հովհաննիսյանի թասիբին:
«Տարբեր բանավոր առաջարկներ են հնչել, սկսած նրանից, որ ԲՀԿ-ն առհասարակ ընդգրկված չլինի Էթիկայի հանձնաժողովում, քանի որ դա մեծամասնության եւ փոքրամասնության խնդիրն է, ինչպես ընդունված է բոլոր երկրներում, վերջացրած ամբողջությամբ նախագիծը հանելու առաջարկով: Մենք դեմ էինք ԲՀԿ-ին հանելու առաջարկին, ներկայացրինք նոր փոփոխված նախագիծ»,- խորհրդարանական խմբակցությունների` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով կայացած քննարկումների արդյունքներն իր ելույթում այսօր ներկայացրեց նախագծի հեղինակ եւ զեկուցող Արփինե Հովհաննիսյանը: Փոփոխված նախագծով առաջարկվում է, որ խորհրդարանական այլ խմբակցություները, որոնք չեն հայտարարել իրենց ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր լինելու մասին, հանձնաժողովում ներկայացված լինեն 1 անդամով: Այս դրույթը ԲՀԿ-ին է վերեբերվում: Առաջարկվում է փոփոխել հանձնաժողվում որոշումների կայացման կարգը: Համաձայն նոր կարգի, հանձնաժողովի որոշումները կայացվելու է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին և որոշմանը կողմ են քվեարկել ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամներ: Զեկուցողի ներկայացմամբ, այս փոփոխության արդյունքում ընդդիմությունը եւ իշխանությունը հանձնաժողովում ունենում են հավասար` երեքական տեղ, ինչը հանձնաժողովում արտացոլում է նաեւ խորհրդրանում առկա իրավիճակը:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն իրենց ելույթներում քննադատության ենթարկեցին առաջարկված փոփոխությունները եւ փաստեցին, որ ԱԺ նախագահի` այս հարցում կոնսենսուսի բերելու ջանքերը անարդյունք անցան: «Մենք ասում էինք, որ էթիկայի հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական, եւ քաղաքական կոմպոնենտը պետք է հանել, որովհետեւ երբ դիրքորոշում ես հայտնում, կապ չունի ընդդիմադիր ես, իշխանություն կամ այլընտրանք»,- իր ելույթում ասաց ՀՅԴ-ական պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով, ներկայացված տարբերակով Էթիկայի հանձնաժողովը քաղաքականացվում է, հետեւաբար, անիմաստ կլինի խոսել հանձնաժողովի արդյունավետության մասին: «Անիմաստ է քննարկել ընդհանրապես համագործակցության հնարավորությունն այս հանձնաժողովի կազմում: Ստեղծեք, կարողացեք ինքներդ ձեւավորել էթիկայի հանձնաժողով եւ ինքներդ էլ կքննարկեք պատգամավորի էթիկայի հարցը»,- կոալիցիոն գործընկերներին դիմեց Արծվիկ Մինասյանը` փաստելով, որ սա հերթական հարվածն էր ժողովրդավարությանը: Իսկ ոչ կոալիցիոն գործընկերներին Արծվիկ Մինասյանը հորդորեց քննարկել այս հանձնաժողովում ընդդիմության եւ այլընտրանքի մասնակցության հարցը. «Ընթացքից խաղի կանոները չպետք է փոխել: Մեզ առաջարկում եք շախմատ, հետո տեսնում եք, որ պարտվում եք, փոխում եք խաղը` զրահաբաճկոն հագնում եւ սուսերամարտ խաղում»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն այս փոփոխություններն անհրաժեշտ համարեց այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի նախաձեռնած` ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու արտահերթ նիստի տապալման հարցով ՀՅԴ-ն դիմեց ԱԺ էթիկայի հանձնաժողով: Հարցի քննարկման ընթացքում ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը լքել էր քննարկումը` հայտարարելով, որ իրեն ապօրինաբար զրկել են ձայնի իրավունքից: ՀՅԴ-ի` ի դեմս Արծվիկ Մինասյանը, համար անհասկանալի է ՀՀԿ-ի սույն պահվածքը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ