Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Գագիկ Ջհանգիրյանը դեռ հետո պիտի լաց լինի, և ոչ միայն ինքը»

Դեկտեմբեր 18,2012 18:43

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, Մատաղիսի գործով արդարացման վճիռ հրապարակեց` անմեղ ճանաչելով մարդասպանության մեջ ամբաստանվող 3 երիտասարդներին` Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին ու Ռազմիկ Սարգսյանին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրագրողների հետ զրույցում դատարանի վճիռը գնահատեց այսպես. «Ցավոք, արդարադատությունը իրականացվում է ոչ թե դատարանի դահլիճում, այլ լրացուցիչ գործոններ պետք է ազդեն` հանձինս հասարակական ճնշումների, պահանջների, բողոքների, որ Ֆեմիդայի կշեռքի նժարը գա հավասարակշռության վրա»:

Իսկ ո՞վ պիտի պատասխան տա այս 3 անմեղ երիտասարդների` 9 տարի շարունակ տևած ծանր հոգեապրումների, և 3 տարի անհիմն բանտախցերում անցկացնելու համար, կդիմե՞ն արդյոք Եվրադատարան` փոխհատուցման պահանջով, այս հարցադրմանը պարոն Սաքունցը պատասխանեց. «Նրանք զոհերն էին, բայց եկեք չշտապենք, տեսնենք զինդատախազությունը բողոքարկելո՞ւ է առաջին ատյանի որոշումը, թե՞ ոչ: Երբ որ ուժի մեջ կմտնի արդարացման վճիռը, շատ բնական է, որ փոխհատուցման պահանջը կդրվի օրակարգում, որովհետև այստեղ արդարարության ամբողջական վերականգման մասին է խոսքը, ոչ միայն պետք է մարդիկ անմեղ ճանաչվեն, այլ որ 2 տարի 8 ամիս 28 օր գտնվել են անազատության մեջ, նաև դրա փոխհատուցումը պետք է լինի, որպեսզի ամբողջությամբ վերականգնվի արդարությունը: Բայց ես էս պահից եմ ասում, տեսաք, լսեցիք, որ դատարանը որոշում կայացրեց, որ գործը ուղարկում է զինդատախազություն` քննությունը իրականացնելու , այսինքն այս պահից սկսվում է մեր գործը տուժողների իրավունքների պաշտպանության հարցով: Այնպես որ, ճիշտ է մեղադրյալների առումով արդարությունը վերականգնվեց, բայց հանցագործությունը չի բացահայտվել: Տուժողների իրավունքները մնում են ոտնահարված, մենք ունենք անելիքներ տուժողների իրավունքների պաշտպանության տեսակետից, իսկական հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Այսինքն արդարությունը ամբողջությամբ կվերականգնվի, երբ որ իրական հանցագործները դատապարտվեն, տուժողները արժանի փոխհատուցում ստանան, այնպես որ սա արդարության մի փուլն է, բայց ամբողջ արդարությունը չէ:

Վերջապես մենք կարողացանք Հայաստանի զինվորական դատախազության ճիրաններից ազատել ընդամենը 3 հոգի, բայց դեռևս ճիրաններից ազատված չեն տուժողները` իրենց հարազատներով , դեռ ազատության մեջ է գտնվում իրական հանցագործը, որը, ես նորից եմ ասում, Իվան Գրիգորյանն է, զորամասի հրամանատարը:Նա պետք է առնվազն կանչվի, հարցաքննվի, և նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվի, որովհետև գործի մեջ եղած նյութերը հիմք են տալիս այս պահին նման հիմնավոր պահանջներ դնելու»:

Արթուր Սաքունցը հատ-հատ հիշեց այս գործում մեծ ներդրում ունեցած կազմակերպություններին ու մարդկանց ` փաստաբաններ Զարուհի Փոստանջյանին, Հայկ Ալումյանին, Ստեփան Ոսկանյանին, նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանին, ով նրա ձևակերպմամբ, պաշտոնով հատուցեց 2006 թվականին այս տղաներին արդարացնելը: «Մհեր Խաչատրյանը ավելի մեծ ներդրում ունեցավ Հայաստանում արդարացման իրականացմանը, քան մեղադրողները, որոնք այդպես էլ համարձակություն չունեցան մինչև վերջ հրաժարվել մեղադրանքից»:

Իսկ Գագիկ Ջհանգիրյանին, որպես նախին զինդատախազ, կհրավիրե՞ն հարցաքննության, այս հարցին Արթուր Սաքունցը պատասխանեց. «Արդեն Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը մտավ ուժի մեջ, և դատարանի մյուս որոշումը այն է` գործը ուղարկել զինդատախազություն լրացուցիչ քննության, դա նշանակում է, որ այդ քննության շրջանակներում , այդ թվում քննիչները, դատախազները, որոնք հաստատել են մեղադրանքները, բոլորը պետք է հրավիրվեն վկայություն տալու,բացատրություն տալու»:

Մեր այն դիտարկմանն էլ , թե Ջհանգիրյանը բացարձակ իր մեղքը չի տեսնում, հետևաբար և այս ամենի համար վատ չի զգում, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ջհանգիրյանը շատ վատ է զգում, երբ որ ինքը իր վերջին հարցազրույցում ասել էր` գել է , թե աղվես (ի նկատի ուներ հրամանատար Իվան Գրիգորյանին, որի մականունը Գել է) թող գտնեն , դա արդեն նահանջ էր: Վատ զգալը՝ հո լաց չի՞ լինելու հրապարակային, բայց ժամանակին լաց կլինի, և ոչ միայն ինքը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Վարդինե  Գրիգորյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31