Լրահոս
Օրվա լրահոսը

Իրինա Ռոզանովա. Դելոնը հրաժարվեց գրիմից՝ 33 տարի աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն է եղել

Դեկտեմբեր 18,2012 18:34

Enjoy movies եւ AP cinema կինոընկերությունների համատեղ արտադրությամբ ստեղծված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի շնորհանդեսին, որ կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում, հաջորդեց ֆիլմի ստեղծագործական կազմի ասուլիսը, որին մասնակցում էր նաեւ աշխարհահռչակ կինոդերասան Ալեն Դելոնը: Նա Հայաստան է ժամանել AP cinema կինոընկերության տնօրեն եւ համապրոդյուսեր Վալերի Սահարյանի հրավերով: Լեգենդար արվեստագետին ընդունել են ՀՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը:

Կազմակերպիչները տեղեկացրին, որ երեւանյան պրեմիերայից անմիջապես հետո՝ մեկ օր անց էլ կկայանա «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի մոսկովյան շնորհանդեսը: Ֆիլմը բաղկացած է 5 նովելից, որոնցից յուրաքանչյուրը առանձին ռեժիսոր ունի: Նրանք են՝ Արտեմ Ակսենենկոն, Սարիկ Անդրեասյանը, Անտոն Բորմատովը, Դմիտրի Գրաչեւը, Կլիմ Պոպլավսկին:

Ասուլիսին  ներկա ՌԴ վաստակավոր արտիստուհի Իրինա Ռոզանովան Սարիկ Անդրեասյանի նկարած «Փարիզ» նովելում մարմնավորել է գավառական դպրոցում աշխատող ֆրասերենի ուսուցչուհու, ում երազանքն է լինել Փարիզում եւ տեսնել Ալեն Դելոնին: Որդին իրականացնում է մայրիկի երազը: Այս նովելում Ալեն Դելոնը հենց Ալեն Դելոնին է մարմնավորել: Իրինա Ռոզանովան պատմեց, որ անչափ տպավորված է Փարիզում իրականացված նկարահանումներից, ցնցված Դելոնի մեծությամբ եւ դրան ուղիղ համեմատական համեստությամբ:

Դերասանուհին մի հետաքրքիր միջադեպ պատմեց. երբ Դելոնին հրավիրել են գրիմ անելու, զարմանք է կտրել: «Ասաց, ինչպես թե գրի՞մ, ես 33 տարի շարունակ աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն եմ եղել, հիմա դուք ինձ գրի՞մ եք առաջարկում: Ինձ գրիմ հարկավոր չէ, որովհետեւ իմ կնճիռներն ինձ շուք են տալիս»: Նրա պատմելու ժամանակ ֆրանսիացի դերասանը ժպտաց, իսկ Ռոզանովան գրկելով կինոաստղին՝ կատակեց. «Ես երբեք չեմ սիրել գեղեցկադեմ տղաներին, իսկ Ալեն Դելոնին հիմա ավելի եմ սիրում, քան երիտասարդ տարիներին»:

Ալեն Դելոնը ողջ ասուլիսի ընթացքում ժպտում էր, ասում էր, որ երջանիկ է՝ այդքան կանանց իր առջեւ տեսնելով: Նա բոլորին մաղթեց սեր եւ մարդկային երջանկություն:

Պատասխանելով «Թեհրան 43» ֆիլմի իր դերի ու այնտեղ հնչող ազնավուրյան երգի մասին՝ կատակեց. «Շարլը իմ ընկերն է: Տեսնես մինչեւ հիմա ինչու ինձ չի ասել, որ Հայաստանում այսքան ընդունված եմ: Գիտեք նախագահին էլ այդ հարցը տվեցի, պատասխանեց, թե Ազնավուրը հավանաբար այդ մասին չի ասել, որ չափից շատ չհուզվեմ»:

Խոսելով «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմում նկարվելու առաջարկն ըւնդունելու մասին, Ալեն Դելոնն ասաց, որ Ֆիլմի սյուժեն ու գաղափարն իրեն շատ դուր են եկել:

Կինոնկարի պրոդյուսերներ Սարիկ Անդրեասյանն ու Վալերի Սահարյանը շեշտեցին, որ «Շնորհավոր Ամանոր, մայրերը» ամանորյա նվեր է բոլոր մայրերին զավակաների կողմից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31