Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ոլիեմ վան դեր Գիստնի խոսքերով, Եվրասիական միությանն ինտեգրվելը կազդի Հայաստան- ԵՄ հարաբերությունների վրա:
«Հնարավոր է Հայաստանը անդամակցի եվրասիական միությանը, բայց որոշակիորեն, որովհետեւ եվրասիական միության մեջ կան որոշ բաղադրիչներ, որոնք հակասում են ԵՄ-ի հետ համագործակցությանը: Եվ կգա մի պահ, երբ Հայաստանը պետք է սահմանի իր գերակայությունները, թե տարբեր ոլորտներում ում հետ է ուզում լինել: Եթե Հայաստանը որոշեց միանալ եվրասիական միությանը՝ Ռուսաստանին, Բելառուսին եւ Ղազախստանին, դա հակասելու է ԵՄ առեւտրային համաձայնագրին: Երկիրը կարող է քաղաքական որոշումներ կայացնել, բայց տնտեսական հարաբերությունների առումով որոշակիորեն սահմանափակումներ կլինեն: Եվրասիական միությունը մաքսային միություն է, դա նշանակում է վերահսկողությունն իրականացվելու է միության եւ ոչ թե երկրի մակարդակով, այսինքն ցանկացած երկիր, որը միանում է այդ միությանը, ինչ-որ չափով կորցնում է իր անկախությունը իր երկրի մաքսային վերահսկողության առումով: Սա է հիմնական գործոնը, որը հակասում է Եվրամիության առեւտրի համաձայնագրին», – այսօր Հայաստանում ԵՄ գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավարը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ