Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժիշկ-հիվանդ հարաբերություններում ոչ մի փող». առողջապահության նախարար

Դեկտեմբեր 18,2012 18:25

2013 թվականին ՀՀ բյուջեից առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարը կգերազանցի 70 միլիարդ դրամը: Սակայն առողջապահության ֆինանսավորմամբ, Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում է ընդամենը 12-րդ տեղը` թիկունքում թողնելով Տաջիկստանին, Ադրբեջանին եւ Թուրքմենստանին:

Այսօր այս մասին հայտարարվեց «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կայացած «Առողջության խթանման ծրագրերի իրականացմանն ուղղված այլընտրանքային ֆինանսավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկմանը:

Մինչ միջոցառումը կսկսվեր, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ խոսեց ոլորտում տիրող իրավիճակի եւ խնդիրների մասին:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ բժշկի եւ հիվանդի միջեւ ոչ մի ֆինանսական տեսակի հարաբերություն չլինի: Բժիշկը միայն պետք է զբաղվի հիվանդին բուժելով»,-ասաց նախարարը` նկատելով, որ մի շարք բարեփոխումներ են կատարվում ոլորտում, որոնք ավելի ակնառու կլինեն եկող տարվա մարտից:

Պարոն Դումանյանի պնդմամբ` նախարարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել մի շարք մարզերի եւ գյուղերի բուժհաստատություններին, ինչպես նաեւ ոլորտի պատասխանատուների կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի գյուղական բուժհաստատություններում բոլոր թափուր տեղերը լրացվեն բժիշկ-մասնագետներով, իսկ աշխատանքի պայմաններն ավելի հրապուրիչ լինեն:

Քննարկմանը ներկա ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի կարծիքով` բյուջեից առողջապահությանը հատկացվող փողը պետք է ավելի արդյունավետ ծախսել` հաշվի առնելով զարգացած երկրների փորձը այս բնագավառում:

Միջոցառման մյուս բանախոսները մի բանում միակարծիք էին` ավելի հեշտ եւ ավելի քիչ ծախսատար է առողջության խթանումը, առողջ ապրելակերպը, քան հիվանդության ախտորոշումն ու բուժումը:

Ավստրալիայի, Թաիլանդի, Հարավային Կորեայի փորձը ուսումնասիրած քննարկմանը ներկա մասնագետները առաջարկեցին ծխախոտի եւ ալկոհոլից հավաքագրվող հարկերից գոյացած գումարները ուղղել առողջապահության ոլորտի խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ քննարկումը կազմակերպվել է «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունը:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31