Այսօր Լոռու մարզի Պետրովկա գյուղում մորը դաժանորեն սպանած երիտասարդը ձերբակալված է եւ գտնվում է ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.55-ին, Լոռու մարզի Պետրովկա համայնքի ղեկավարից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի մի բնակիչ սպանել է մորը:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում՝ տնամերձ հողամասում, հայտնաբերել է 1969 թ. ծնված Սուսաննա Դավոյանի դիակը` բռնության հետքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սպանություն կատարելու կասկածանքով, ժամը 13.45-ին Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքից սպանվածի որդին՝ 1992 թ. ծնված Յուրիկ Ավագիմովը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին:
Կարդացեք նաև
Ինչպես ՀՀ ոստիկանությունից Aravot.am –ին հայտնեցին, գործի շրջանակներում դեռ պարզված հանգամանքներ չկան, բայց ակնհայտ է, որ երիտասարդն է սպանել մորը:
«Սպանության պատճառները, մնացած հանգամանքները կպարզվեն նախաքննության ընթացքում: Այս պահին երիտասարդը ձերբակալված է»,-տեղեկացրին ոստիկանությունից:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ