Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյան-Զուրաբյան երկխոսության գաղտնի ձայնագրության մասին. «Սա ուղղված է բացառապես ՀՀ նախագահի դեմ»

Դեկտեմբեր 18,2012 18:17

 «Այստեղ որևէ հարց չկա, մարդու իրավունքները խախտվել են»,-Aravot.am-ի հետ զրույցում Օսկանյան-Զուրաբյան խոսակցության գաղտնի ձայնագրման փաստին այսպիսի գնահատական տվեց ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ, նախկին դաշնակցական պատգամավոր  Գառնիկ Իսագուլյանը: Այնուհետև նա հավելեց. «Չգիտեմ՝ ով է արել, բայց ով էլ արել է, սա ուղղված է բացառապես ՀՀ նախագահի դեմ: Պատճառաբանությունն այն է, որ ընթանում էր ՀՀԿ համագումարը, որտեղ նախագահը հանդես էր գալիս հստակ թեզիսներով, որոնցից կարևորագույնը մարդու իրավունքների պաշտպանությունը, ապահով Հայաստանն էր: Եվ հանկարծ համագումարից անմիջապես հետո ձայնագրությունը հայտնվում է  համացանցում: Կարծում եմ, որ համապատասխան մարմինները անպայման պիտի բացահայտեն կատարողին: Ձայնագրության մեջ որևէ մեկին չի վարկաբեկվում: Քաղաքական դեմքերը միշտ էլ հանդիպում ու տարբեր կարգի խնդիրներ են քննարկում: Եթե քաղաքական ուժերը որոշել են միասին ճանապարհ գնալ,  ներքին որոշակի խնդիրներ միմյանց համար բացահայտում են: Ուստի մեկնաբանությունները, որ սա անում են իշխանությունները, ԱԱԾ-ն որևէ նշանակություն չունի: ԱԱԾ-ն վստահ եմ, որ չէր կարող նման բան անել, քանի որ վստահ եմ, որ շատ լավ պիտի գիտակցեին , որ անկախ ամեն ինչից նման քաղաքական իրավիճակում դա բացարձակապես ՀՀ նախագահին պետք չէր: Առավել ևս, որ դրանից առաջ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու նախագահական  ընտրություններին, այսինքն որևէ խնդիր չկար, որ գործող նախագահը շահագրգռված լիներ նման կարգի երևույթի մեջ: Առավել ևս եթե հաշվի առնենք նրա ելույթը ՀՀԿ համագումարում և հանկարծ նույն օրը նրան կանգնեցնում են փաստի առաջ: ՀՀ նախագահն ինքը պիտի շահագրգռված լինի, որ դա բացահայտվի»:

Այսօր լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանը չի ժխտել, որ իրենց գաղտնի ձայնագրել են Ռ. Քոչարյանին պատկանող Rich սրճարանում: Ուստի պարոն Իսագուլյանից հետաքրքրվեցինք՝ այս հանգամանքը որևէ բան հուշու՞մ է կազմակերպիչների ով լինելու մասին: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ կարգի բաներ անելը բավականին աշխատատար է: Նախ պետք էր իմանալ, որ հանդիպելու են այդ սրճարանում, նստելու են այդ սեղանի շուրջ: Եթե այդ տեղեկությունները լինեին, ցանկացած մեկը կարող էր անել: Իսկ թե որ սրճարանում է դա կատարվել, բացարձակ կապ չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31