Այսօր շուկայում վաճառվող ձվերի մաքրության վրա շատ քչերն են ուշադրություն դարձնում, մինչդեռ մասնագետները պնդում են, որ կեղտոտ ձվի վաճառքն էլ օրենքի խախտում է եւ ոչ միայն ժամկետանց, այլեւ կողտոտ ձուն էլ կարող է վտանգել մարդու առողջությունը:
Այսօր Aravot.am-ի խմբագրությանն էր դիմել Ժաննա Ալավերդյանը, որը Քասախ գյուղից Լուսակերտի «Հարություն» թռչնաբուծականի տուփով 10 հատ դիետիկ ձու էր գնել, տանը բացելուց հետո պարզել էր, որ 4 ձվերը, ըստ տիկնոջ՝ բավականին կեղտոտ են. «Սա ուղղակի անտարբերություն, արհամարհանք ու փնթի վերաբերմունք է սպառողի նկատմամբ: Ինչպե՞ս կարելի է կեղտոտ ձուն հանել վաճառքի: Թոռներս հաճախ ինքնուրույն ձվածեղ են պատրաստում, ու 11 տարեկան երեխան հնարավոր է ոչ էլ լվանա ձուն, ու այդպես կեղտոտ էլ օգտագործի: Իսկ եթե ձվի կեղտը գնա երեխու օրգանիզմ ու թունավորվի, ո՞վ է պատասխան տալու: Տուփի ձվերն էլ այնպես էր դասավորված, որ կեղտոտ մասը չէր երեւում, թե չէ, ոչ էլ կգնեի: Հեռուստացույցով ամեն օր սննդի անվտանգությունից են խոսում՝ անորակ երշիկներից ու ձվերից, աչքներս վախեցած է արդեն»:
«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ձվի որակի չափանիշներից մեկն էլ հենց մաքրությունն է, կեղտոտ ձու չպիտի վաճառվի, այն հենց գործարանում պետք է առանձնացվի որպես խոտան. «Կեղտոտ ձու վաճառելու համար ընկերությունները պետք է տուգանվեն»:
Կարդացեք նաև
Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանն էլ Aravot.am-ին ասաց, որ ձվի կեղտոտվածությունը ոչ թե սովորական աչքով է որոշվում, այլ՝ լաբորատոր փորձաքննությամբ. «Իհարկե, կա դեպք, որ նայում ես, ու փորձաքննության կարիք էլ չի լինում, բայց լինում են դեպքեր, միայն փորձագիտական լաբորատորիայի եզրակացության հիման վրա տեսուչը կարող է դատողություն անի: Գոյություն ունի աղտոտվածության թույլատրելի աստիճան, եւ լինում են թույլատրելիից ավելի»:
Մեր դիտարկմանը, որ տիկնոջ ներկայացրած ձվերի վրա տեղ-տեղ հավի ծերտեր են, արդյոք դա թույլատրելիի սահմանն է, պարոն Պիպոյանն ասաց. «Արտաքին տեսքի վրա 2 հատ ծերտ լինելով չի կարելի ասել նորման խախտված է, ասենք՝ ձուն աղբ է, պետք է թափել: Մեզ համար գործողություն սկսելու հիմք է նաեւ մամուլում հրապարակումը, խնդիրը կուսումնասիրենք եւ
Կպատասխանենք»:
Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ «Հարություն» թռչնաբուծական ֆաբրիկայից, սակայն տուփի վրա եւ Սփյուռ տեղեկատուում նշված հեռախոսահամարներն անընդհատ զբաղված էին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ