Այսօր Epress.am-ն արձանագրել էր, թե ինչպես է ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանը քվեարկում ուրիշի փոխարեն՝ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման մասին հարցի քվեարկության ժամանակ:
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու այդ նախագիծն ընդունվեց ընդամենը 66 կողմով, այնուամենայնիվ, եթե նույնիսկ ուրիշի փոխարեն քվեարկություն չլիներ՝ այն ընդունվելու էր:
Մուրադ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ի՞ր նախաձեռնությամբ է քվեարկել ուրիշի փոխարեն, թե՞ իրեն ասել են, որ դա անի՝ հերքեց, որ տեսանյութում ինքն է եղել՝ վստահեցնելով, որ ինքը նման չէ այդ մարդուն, դա Տաճատ Վարդապետյանն է եղել: Նաեւ ասաց, որ իր կողքի նստողը Ալեքսան Պետրոսյանն է: Նշենք, որ վերջինս նիստին ներկա էր, իսկ Տաճատ Վարդապետյանը նստած էր Մուրադ Մուրադյանի առջեւում:
Կարդացեք նաև
Իսկ Տաճատ Վարդապետյանը դա այսպես մեկնաբանեց. «Իրականությանը չի համապատասխանում: Իմ անձի հետ կապված կարող եմ ասել՝ դա հումոր է, ափսոս, ապրիլի 1-ը հեռու է»:
Տաճատ Վարդապետյանը նաեւ հորդորեց իրեն հարցեր տալ ավելի ինտելեկտուալ թեմաներից, օրինակ՝ ասմունքի երեկոյից, որը տեղի է ունենալու այսօր Պարոնյանի թատրոնում, ինքն էլ ժյուրիի կազմում է. «Համեցեք, պոեզիան նաեւ ախտահանում է մարդուն, իսկ ով ում փոխարեն է քվեարկում, հետաքրքիր չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ