Ամանորին մնացել են հաշված օրեր: Այս ընթացքում գրեթե բոլորը՝ հատկապես սիրահար զույգերը փորձում են միմյանց համար ընտրել հաճելի և օգտակար նվերներ: Այս առիթով «Առավոտ երիտասարդականը» անցկացրեց հարցում (հարցմանը մասնակցել է 25հոգի)՝ պարզելու, թե ինչպիսի անակնկալների են սպասում հայ երիտասարդները և ինչպիսի նվերներ են պատրաստում նվիրել իրենց սիրելիներին: Պատկերը հետեւյալն է.
Ի՞նչ կցանկանան նվիրել.
.Տուփ՝ համբույրենով, որոնք կդաջվեն գրությունների մեջ: Իսկ այնտեղ գրված կլինեն. «Սիրում եմ քեզ», «Դու իմ կյանքն ես», «Ես քեզ համար գժվում եմ»:
.Ֆիլմ, որը կներառի ձեր լուսանկարները , տեսագրությունները:
.Խոսող շապիկներ Ձեր և Ձեր զուգընկերոջ համար: Դա հնարավորություն կտա միասին հիանալի և համապատասխան տեսք ունենալ:
Զավեշտալի պատասխանները
.Վերցնել դատարկ տուփ, փաթեթավորել, իսկ ներսում թողնել գրություն. «Ես քեզ նվիրում եմ իմ հոգին» կամ «Հիանալի նվեր է, այնպես չէ՞»:
.Նվիրել այնպիսի բան, որը բնորոշ է հակառակ սեռին, օրինակ կիսաշրջազգեստ՝ տղայի համար:
Իսկ ամենից շատ թվարկած նվերների ցանկում են կենցաղային իրերը, հագուստը, հուշանվերները և օծանելիքը: 19-ամյա Անին կցանկանար, որ իր ընկերն իրեն նվիրեր Գերմանիայի ուղեգիր: «Գերմանիա մեկնելը պարզապես իմ երազանքն ա, մի քիչ անհավատալի ա, բայց ես հույսերս չեմ կորցնում»-ասում է նա և հավելում, որ իր ընկերոջը հեռախոս է նվիրելու: Իսկ 21-ամյա Ռուբենը պատրաստվում է իր զուգընկերուհուն փափուկ խաղալիք նվիրել: «Հունվարի 2-ին նրա ծննդյան օրն ա, որոշել եմ ընդհանուր նվեր անել, գնելու եմ փափուկ խաղալիք նապաստակ, քանի որ ես նրան հենց այդպես էլ կոչում եմ, նաև ծաղկեփունջ»,-ասում է նա: Ի դեպ, Ռուբենը չէր ցանկանա, որ իր ընկերուհին իրեն որևէ բան նվիրեր, քանի որ, ինչպես ինքն է ասում, չի ցանկանում նրան ֆինանսական նեղություն պատճառել:
«Կարևոր չէ նվերի պարունակությունը, կարևորն այն է, որ հոգով ես նվիրում»: Այս կարծիքի հետ համաձայն են շատերը: Սակայն ճիշտ ընտրություն կատարելու համար նախ պետք է ուշադրություն դարձնել զուգընկերոջ ցանկությանը, նախասիրություններին, մասնագիտությանը և այլն: «Օրինակ՝ ես ոչինչ չեմ ակնարկել նրան, բայց ես գիտեմ, որ նրա դրամապանակը մաշվել է, այդ իսկ պատճառով էլ նոր դրամապանակ եմ գնելու»,-ասում է 22-ամյա Նոնան:
Նազենի Բաղդասարյան