«Ինչպես հայտարարվել էր տարեսկզբին, մինչ տարեվերջ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները կունենան ինտերնետ: Փորձարկման փուլում են գտնվում անգամ հեռավոր` բարձր լեռնային գոտիներում գտնվող դպրոցների ինտերնետ-սենյակները: Նախորդ տարվա համեմատ, առնվազն երկու անգամ աճել է կապի որակը, իսկ մայրաքաղաքում ինտերնետն այս պահին ավելի արագ է: Սակայն մենք չունենք դպրոց, որը չունի հիմնական կամ փորձարարական ինտերնետ: Մեկ- երկու դպրոց է մնացել, որ աշխարհագրորեն` ռելիեֆի հետ կապված, լուծումներ չենք կարողացել տալ»,-այսօր մշակույթի նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ ՀՀ մարզերի 100-ից ավելի համայնքներում դպրոցը միակ տեղն է, որտեղ կա ինտերնետ. «Այսինքն՝ կրթության շնորհիվ ինտերնետը մտել է համայնքներ: Կառավարությունն առաջնահերթության կարգով դպրոցների վրա դրեց եւ լուծեց ինտերնետ-հասանելիության հարցը: Սա նաեւ դպրոցը համայնքային կյանքի ակտիվ կենտրոն դարձնելու միջոց կարող է դառնալ: Գյուղերում ինտերնետ կա նաեւ դպրոցների շնորհիվ»:
Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ