Այսօր կայացած, թրաֆիքինգի դեմ պայքարի եւ թրաֆիքինգի դեպքերի լուսաբանմանը նվիրված համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը ասաց, որ վերջին մեկ տարում իրենք դիտարկել են ԶԼՄ-ներում տեղ գտած 90-ից ավելի հոդվածներ ու պարզել, որ 7 առցանց լրատվամիջոց, այս թեմային բավականին շատ է անդրադարձել ու խախտումներ թույլ տվել. «Հիմնական խախտումը բառի ոչ կոռեկտ օգտագործումն է, ոչ ճիշտ սահմանումներով: Չեն խորացել սահմանման մեջ, թե ինչ է նշանակում թրաֆիքինգ կամ՝ շահագործում: Երկրորդ խախտումը, դա երեւույթի սխալ լուսաբանումն է, նյութի մեջ խոսում են մի բանի մասին, որը կապ չունի ոչ շահագործման, ոչ էլ թրաֆիքինգի հետ. օրինակ գրում են՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղվում է թրաֆիքինգով՝ կապված արձանների կոտրման հետ… կամ լինում են դեպքեր, չեն խորանում դրանց մեջ, վերցնում են ընդամենը մի փոքր կտոր, մոնտաժում ու դարձնում թրաֆիքինգի թեմա»,-նշեց Հարությունյանը, զգուշացնելով, որ պետք չէ գնալ սենսացիայի հետեւից, այս երեւույթը դա չի սիրում, քանի որ ամեն բառի հետեւում կանգնած են ճակատագրեր:
«Կա նաեւ անհատի տվյալների գաղտնիության խնդիրը, որը լրագրողները չեն պահպանում: Մտնում են դատարան, լուսաբանում ու անուններով հրապարակում: Բայց մենք փորձում ենք զոհին հնարավորինս հեռու պահել, որպեսզի չդառնան կրկնակի զոհեր, թրաֆիքյորներ, իսկ Հայաստանում ցավոք նման դեպքեր կան»,-շեշտեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ պետք չէ տեղեկատվությունը խեղաթյուրել եւ ոչ լիարժեք ներկայացնել, լրագրողներն իրավունք չունեն նման բան անել, եւ սեփական մեկնաբանությունները թողնել: Ըստ նրա այս հարցում լրագրողների դիրքորոշումը պետք է լինի շատ կոռեկտ:
Կարդացեք նաև
Իսկ այսօրվա վիճակով, համացանցում հոդվածների 70 տոկոսում շատ են սխալները: Հարությունյանը գտնում է, որ լրագրողները գնում են սենսացիայի հետեւից, ժամանակ չեն ունենում խորանալ թեմայի մեջ, եւ այն, որ այդ ամենն իրականացվում է անպատժելիության մթնոլորտում, դրա պատճառով էլ ստացվում է այն՝ ինչ այսօր կա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ