Արտագնա աշխատանքի մեկնողների, աշխարհով մեկ ցրված հայկական սփյուռքի հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է մեր երկրում զարգացնել
տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում էլ հայերը կարողանան տեսաձայնային հեռախոսակապից օգտվել: Այսօր կառավարության նիստերի դահլիճում «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը գործարարներին, հիմնարկ-ձեռնարկություններին կոչ արեց միանալ այս նախաձեռնությանը եւ ստեղծել մի հայկական սոցիալական ցանց, որտեղ աշխարհի բոլոր հայերը մատչելի գներով կշփվեն ինտերնետ տիրույթում:
Պարոն Սադոյանը կառավարությանը կոչ արեց հանրապետություն ներկրվող «սմարթֆոն տիպի հեռախոսներին եւ պլանշետներին» ազատել ավելացված արժեքի հարկից, որպեսզի դրանք մատչելի եւ հասանելի լինեն քաղաքացիներին: Սադոյանի ելույթին ի պատասխան՝ դահլիճում նստածներից մեկն արձագանքեց` օլիգարխները թույլ չեն տա նման բան:
Կարդացեք նաև
«Ժամանակն է, որ հայ ժողովուրդը մտնի ժամանակակից աշխարհ: Ամենապարզ օրինակը բերեմ, անասնապահության ոլորտում նույնիսկ մարդիկ պետք է կարողանան ինտերնետի միջոցով անել իրենց աշխատանքը, օրինակ` այս կամ այն պատվաստանյութից տեղեկանալ, օնլայն կարողանան հաղորդակցվել այլ մասնագետների հետ եւ այլն: Պետք է ներդրվի բակային Wi-Fi, բեսեդկաներից սկսած պետք է ինտերնետ ունենան, որպեսզի բնակիչներն օգտվեն»,-ասաց պարոն Սադոյանը:
Հայաստանի ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը բերելով իրենց համալսարանի օրինակը, թե ճարտարագիտական համալսարանի 15 կորպուս Wi-Fi ինտերնետով սպասարկելը ինչքան թանկ է նստում համալսարանի բյուջեի վրա, Արշակ Սադոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են լուծվելու այդ հարցերը եւ ո՞վ է սպասարկելու, քանի որ «Wi-Fi-ը ագրեսիվ ցանց է»: Պարոն Սադոյանը պատասխանեց, որ առայժմ հաշվարկներ չունեն եւ որոշ տեղերում պիլոտային ծրագրեր են իրականացնելու, որպեսզի հասկանան ինչ կարժենա:
«Զանգ» ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը նկատեց, որ մինչ այս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրված հայկական սոցիալական ցանցերը, փորձը ցույց է տվել, որ «չեն աշխատել եւ չեն հաջողվել»: Մինչդեռ, ըստ Վահրամ Մարտիրոսյանի, ԱՄՆ-ում արդեն 80 միլիոն մարդ օգտվում է այդ կապից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ