Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթ է ընդունվել քաղաքացի Ա. Խաչատրյանի բողոքը:
Նա վիճարկում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա նոյեմբերի 12-ին կայացրած վճիռը, համաձայն որի՝ բավարարվել է հայցվոր Աշոտ Չիթիրյանի հայցը:
Հիշեցնենք, որ Աշոտ Չիթիրյանը հայտնել էր, որ իր հայրական գերեզմանոցում՝ Սովետաշենի գերեզմանատանը հուղարկավորվել է այլ հանգուցյալ, եւ դատարանից պահանջել էր իր հոր գերեզմանատեղին բերել նախնական վիճակի, վերահուղարկավորել անծանոթ հանգուցյալին:
Ա. Խաչատրյանը, որի եղբայրն է հուղարկավորվել Չիթիրյանի հոր գերեզմանատեղիում, հայտնել է, որ դատարանը թույլ է տվել մի շարք խախտումներ:Մասնավորապես, ըստ բողոքաբերի, «դատարանը անտեսել է այն փաստական հանգամանքները, որ ինչպես սկզբնական հայցվորը, այնպես էլ հակընդդեմ հայցվորը վիճելի գերեզմանի նկատմամբ ունեն գերեզմանի վկայականներ, տրված նույն պետական մարմնի կողմից, որոնցից որեւէ մեկը մյուսի նկատմամբ չունի որեւէ առավելություն եւ երկուսն էլ տրվել են օրենքով սահմանված կարգով»:
Կարդացեք նաև
Բողոքաբերը նաեւ նշել է, որ «դատարանը , գործում առկա ապացույցների լրիվ եւ օբյեկտիվ գնահատման դեպքում, պետք է եզրահանգեր, որ վիճելի գերեզմանատեղիի նկատմամբ կողմերի հավասար իրավունքների առկայության պայմաններում, սկզբնական հայցվորի անհամաձայնությունը՝ հոր աճյունը այլ վայր տեղափոխելու եւ ծախսերը հոգալու ու Գ. Խաչատրյանի աճյունը վերահուղարկավորելուն պարտավորեցնելու մասին պահանջը, իրավունքի չարաշահում է հանդիսանում, քանի որ այն կարող է իրականացվել Ա.Խաչատրյանին բավական խոշոր չափի նյութական վնաս պատճառելու հետեւանքով, առավել եւս, որ Ա. Չիթիրյանը հրաժարվում է Ա. Խաչատրյանի կոմից կատարված եւ վերահուղարկավորման համար գնահատված ծախսերը փոխհատուցել»:
Ա. Չիթիրյանի հայրը այդ գերեզմանոցում ամփոփվել է 1991թ.-ին,. իսկ Գ. Խաչատրյանը՝ 2009-ին: Հետեւաբար, խոսք չի կարող լինել հավասար իրավահարաբերությունների մասին՝ գոնե այս հանգամանքն իմանալով:
Ա. Խաչատրյանը խնդրում է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, եւ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Դատական նիստի օրը դեռ չի նշանակված:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ