Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի երկխոսության գաղտնի ձայնագրության՝ համացանցում հայտնվելը վերջին օրերին քննարկումների լուրջ առիթ է դարձել: Տարբեր շրջանակներ այս փաստը տարբեր կերպ են մեկնաբանում՝ ընդդիմության դեմ պայքար, կոնկրետ անձերին ուղղված գործողություն:
Aravot.am-ի հետ զրույցում «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանն այս արարքը «քրեորեն հետապնդելի» համարեց և մանրամասնեց. «Իհարկե, օրենքից դուրս է, երբ մարդկանց ձայնագրում են առանց նախապես տեղեկացնելու, կամ առանց դատարանի դատավճռի: Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ն իրավական պետություն չէ: Գաղտնի ձայնագրում են, տեղադրում համացանցում, և որևէ մեկը այդ ուղղությամբ, խոսքը իշխանությունների մասին է, չի փորձում քրեական գործ հարուցել: Պարզ է, թե ովքեր են սրա հեղինակները: Շատ տխուր է, որ Հայաստանում նման բան է հնարավոր, տխուր է, որ ՀՀ իշխանությունները այդ գործելակերպով են աշխատում և փորձում այդ ուղղությամբ ընդդիմության դեմ պայքարել»:
Վ. Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի կարծում, թե կատարվածը պատահականություն է, քանի որ այն առաջին դեպքը չէ: Նա նաև եզրափակեց. «Սա քրեորեն հետապնդելի արարք է և անպայման պետք է իր արժանի գնահատականը ստանա և ստանալու է ապագայում, եթե ոչ այսօր»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ