Լրահոս
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգի ենթարկվողն ու կոմերցիոն սեքսի համար Թուրքիա գնացողը տարբեր են

Դեկտեմբեր 18,2012 14:56

 

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ,Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ, կազմակերպել էր թրաֆիքինգի դեմ պայքարի եւ թրաֆիքինգի դեպքերի լուսաբանմանը նվիրված համաժողով, որի նպատակն էր՝ լրագրողներին ներկայացնել ՀՀ իրավապահ մարմինների կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպմանը, միջազգային համագործակցությանը եւ օրենսդրական դաշտին վերաբերող տեղեկատվություն:

Փորձագետ, մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ Դավիթ Թումասյանի խոսքով, թրաֆիքինգի ոլորտը Հայաստանում բավականին կարգավորված է. «Խնդրի սրությունը կայանում է նրանում, որ տարեցտարի ավելանում են դեպքերը, ընդ որում ոչ միայն այն դեպքերը, երբ անձինք արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս շահագործման, այլեւ՝ ներքին թրաֆիքինգի դեպքերը: Ըստ ուղղությունների՝ մեզ մոտ կան դեպքեր սեռական շահագործման՝ որոնք իրականացվում են Էմիրություններում, Թուրքիայում, աշխատանքային շահագործման առումով՝ Թուրքիայում եւ Ռուսաստանում, իսկ օրգանհյուսվածքների առումով՝ Շրիլանկայում»:

Թումասյանը նշեց, որ ոլորտի հետ կապված քրեական օրենսգիրքը փոփոխության է ենթարկվել 2011 թվականին, սակայն դեռ կան որոշակի բացեր՝ սոցաջակցության առումով, բայց դա եւս գտնվում է վերանայման փուլում:

Ըստ փորձագետի՝ ներքին թրաֆիքինգի դեպքերի հետ կապված ունենք գրանցված դեպքեր, երբ, օրինակ մարզերից անչափահաս աղջիկներին բերում են այստեղ սեռական շահագործման ենթարկում, իսկ երեխաներին՝ մուրացկանության մեջ ներգրավում:

Ինչ վերաբերվում է այն կանանց, որոնք գիտակցաբար են նստում Թուրքիա մեկնող ավտոբուսն ու ուղեւորվում կոմերցիոն սեքսով զբաղվելու, ապա Թումասյանը նշեց, որ պետք է տարբերել մարմնավաճառությամբ զբաղվելու համար Թուրքիա գնացողին եւ թրաֆիքինգի ենթարկվողին. «Ավտոբուսը նստելուց առաջ, արտագնա մարմնավաճառությամբ զբաղվելու համար գնացողը գիտի, թե ուր է գնում, եւ որ պահպանելու է իր ազատության հնարավորությունը, իսկ թրաֆիքինգի ենթարկվողը զրկվում է ազատությունից, նրան օրական պարտադրվում է 20-25 սեռական հարաբերություն ունենալ, զրկվում է որակական լրացուցիչ հարաբերություններից եւ կա երրորդ տարբերակումը, որը տարածքն է. կավատն ու մարմնավաճառն իրենք են որոշում որ օբյեկտ, կամ սաունա գնալ, իսկ այստեղ թրաֆիքինգի ենթարկվողը փակի տակ է լինում, հաջորդ տարբերակումն էլ՝ ֆինանսականն է, երբ գումար չի վճարվում, կամ չնչին է լինում, կամ եթե նույնիսկ վճարվում է՝ հետագայում խաբեությամբ դա կորզվում է նրանցից»,- հավելեց Թումասյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31