Դեկտեմբերի 16-17-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Վենետիկի Մխիթարյան Միաբանության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին` նվիրված Հայ գրատպության 500–ամյա հոբելյանին:
Միջոցառումների մեկնարկը տրվեց դեկտեմբերի 16–ին Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության Մայրավանքի եկեղեցում, որտեղ հայ գրատպության նվիրյալների հոգիների հանգստության համար մատուցվեց Սուրբ Պատարագ:
Առանձնակի հետաքրքրություն ներկայացրեց Սուրբ Ղազարում բացված` տպագրության հնագույն սարքերի և գործիքների ցուցադրությունը: Մասնակիցները կարևորեցին հայ գրքի հայտնի տպագրական կենտրոններից մեկի պահպանումը և համալրումը նոր ցուցանմուշներով: Այդպիսով այն կդառնա հայ տպագրության յուրօրինակ թանգարան, հայկական մշակույթի կարևոր անձնագիր, համահայկական նշանակալի գործի սկիզբ, այցեքարտ կղզի այցելողների համար:
Նախարարը բացման խոսքում գնահատեց մխիթարյանների անուրանալի ներդրումը հայ գրատպության զարգացման գործում և նշեց, որ ՀՀ Նախագահի հովանավորությամբ և աջակցությամբ շուտով կսկսվեն Վենետիկի Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգության թվայնացման աշխատանքները:
Կարդացեք նաև
Երեկոյան Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի սրահում տեղի ունեցավ “Գասպար Եդեսացի” համույթի “Պայծառ Նաիրի” երաժշտական-բանաստեղծական պիեսի բեմադրությունը: Իտալացի երիտասարդները ներկայացրեցին հայ բանաստեղծների և երգահանների ստեղծագործությունները հայերենով:
ՀՀ սփյուռքի նախարարն իր ողջունի խոսքում շնորհակալություն հայտնեց համույթի իտալացի անդամներին բարձրարվեստ կատարումների համար: Նա միջոցառումը գնահատեց որպես հայ-իտալական մշակութային բարեկամության լավագույն օրինակ:
Դեկտեմբերի 17–ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության կողմից կազմակերպված “Հայ գրքի հետքերով” խորագիրը կրող գիտաժողովը, որին մասնակցեցին հայ և այլազգի գիտնականներ, հայագետներ:
Բացման խոսքով ելույթ ունեցավ Մխիթարյան Միաբանության Ընդհանրական աբբահայր Գերաշնորհ Հայր Եղիա վրդ. Քիլաղպյանը:
Գիտաժողովում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ Մեսրոպյան գյուտից հետո հայ ժողովրդի հոգևոր կյանքում Վենետիկում առաջին գրքի նշանակությունը, ևս մեկ անգամ արժևորեց Հակոբ Մեղապարտի` հայ հոգևոր և աշխարհիկ մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդը, ներկայացրեց հայ գրքի անցած ճամփան և նախանշեց բարձր տեխնոլոգիաների առկայության պայմաններում այսօրվա անելիքները:
Ելույթներով հանդես եկան պրոֆեսորներ Ռուդի Կորեան, Քլոդ Մութաֆյանը, Ագնես Ուզունյանը, Ռայմոն Գեորգյանը, Հ.Վահան Վրդ, Օհանյանը և այլ հայտնի գիտնականներ:
Գիտաժողովով ավարտվեցին ուղիղ մեկ տարի առաջ հայ գրքի 500 ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնք սկսվել էին Վենետիկում` հայ առաջին գրքի ծննդավայրում, ՀՀ Նախագահի մասնակցությամբ:
Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը և Մխիթարյան Միաբանությունը համատեղ հիմնել են Հակոբ Մեղապարտի հուշամեդալը, որը հանձնվելու է հայ գրատպության պատմության մեջ մեծ ավանդ ունեցող գործիչներին:
Հակոբ Մեղապարտ հուշամեդալի պատրաստումը հովանավորում է «Զանգակ» հրատարակչությունը, որը Հայաստանի առաջատար հրատարակչություններից մեկն է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ