Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ընթերցման օլիմպիադա» նոր մրցույթը նպատակ ունի ընթերցասեր աշակերտին օրինակ դարձնել շրջապատի համար

Դեկտեմբեր 18,2012 14:49

ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր տեղի ունեցավ հանդիպում` նվիրված դպրոցականների համար հայտարարված «Ընթերցման օլիմպիադա» ծրագրին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ «Անտարես» հրատարակչության եւ «Գրանիշ» գրական ակումբի կողմից իրականացվող «Ընթերցման օլիմպիադան» պահանջել է նախնական կազմակերպչական մեծ աշխատանք եւ անցկացվում է ԿԳՆ անմիջական հսկողության ներքո: Մշակույթի նախարարը կարծում է, որ մրցույթը տրամաբանական շարունակությունն է ընթերցանության եւ գրքի հաղորդակցությանն ուղղված բոլոր ծրագրերի. «Նմանատիպ մրցույթները դարձել են այսօրվա մանուկ եւ պատանի սերնդին վերաբերող կրթական ծրագրերի անբաժանելի մասը, իսկ մասնակիցներն աստիճանաբար շատանում են: Այն հանգամանքը, որ տարին ավարտում ենք նոր ծրագրերով, նշանակում է, որ գրատպությանը նվիրված ծրագրերը շարունակություն են ունենալու»:

Հասմիկ Պողոսյանի խոսքով. «Ընթերցման օլիմպիադայի» կարեւորությունը կայանում է նրանում, որ երեխաները կարող են ապացուցել, որ մայրենի լեզվի գիտելիքները իրենց օգնելու են ձեռքբերումներ եւ նվաճումներ ունենալու ճանապարհին»: Նախարարը հավելեց, որ մինչ տարեվերջ կլինեն երեխաների համար նախատեսված եւս երկու ծրագրի մասին հայտարարություններ:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ մրցույթը նպատակ ունի գիտելիքով օժտված եւ ընթերցասեր աշակերտին օրինակ դարձնել իր շրջապատի համար. «Գրողների միությունից, «Գրանիշ» ակումբից եւ գրադարաններից դպրոցներ են հրավիրվելու գրողներ, գրականագետներ եւ գրադարանավարներ, որպեսզի մրցույթի ընթացքում կարողանանք անմիջական շփում ստեղծել գրողի եւ աշակերտի միջեւ: Աշակերտը պետք է իր նախընտրած գրքից կարդա տասը տող. լավագույն ընթերցողները հաջորդ փուլում հատված կկարդան արդեն ժյուրիի տրամադրած գրքից: Այդ կերպ կորոշվի դպրոցի հաղթողը»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փաստեց, որ ողջ աշխարհում ներկայումս ընթերցանության ճգնաժամ է. «Այն հիմնականում պայմանավորված է նրանով, որ ավանդական եղանակներից մարդիկ սկսել են անցնել ոչ ավանդական կրիչներով տեղեկատվություն կամ համապատասխան գրականություն ընթերցելուն: Այս միտումը Հայաստանում նույնպես նկատելի է: Չեմ թերագնահատում տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությունը, բայց կարծում եմ` ինչպես կինոն ժամանակին չսպանեց թատրոնին, այդպես էլ` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը չի կարող ամբողջությամբ դուրս մղել ավանդական գիրքը: Վերջիվերջո, մեր նպատակն է` երեխաների մեջ ձևավորել սեր դեպի ընթերցանությունը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31