Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության դեկտեմբերի 18-ի նիստը նախատեսված ժամին` ժամը 11-ին չսկսվեց: Նիստին ներկա չէին ամբաստանյալների պաշտպանները, մեղադրողները, տուժողի իրավահաջորդը եւ վերջինիս ներկայացուցիչները: Երեւանից, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Իջեւան էին տեղափոխվել կալանքի տակ գտնվող 4 ամբաստանյալները, կալանքի տակ չգտնվող ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյանը եւս ներկայացել էր դատին:
Դատավոր Սամվել Մարդանյանը մեկ ժամով նիստը հետաձգեց:
Կեսօրին վերսկսված նիստին ներկայացել էին գործով մեղադրողներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը: Դատական նիստերի քարտուղարը հայտարարեց` ամբաստանյալ 3 զինծառայողների պաշտպան Ալվարդ Մնացականյանը դատարանին հայտնել է, որ ճանապարհների վտանգավոր լինելու պատճառով ինքը չի կարող նիստին մասնակցել: Դատավորն ասաց, որ ըստ կապի եւ տրանսպորտի նախարարության հաղորդագրության`հանրապետության բոլոր ճանապարհները երթեւեկության համար բաց են:
Ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանն ասաց, որ առանց իր պաշտպանի կարող է նիստ կայանալ: Դատավորը հայտարարեց, որ ներկայումս միջնորդություների փուլ է, եւ առանց պաշտպանների նիստ չի կարող անցկացվել: Նա պաշտպաններ Հրանտ Գեւորգյանի,Արմինե Ղասաբողլյանի, Ազատ Շահբազյանի, Ալվարդ Մնացականյանի եւ Լեւոն Պողոսյանի բացակայությունը համարեց անհարգելի:
Կարդացեք նաև
Դատավորը ամբաստանյալներին ասաց, որ պաշտպանների անհարգելի բացակայությունների կրկնվելու դեպքում ամբաստանյալները կամ պետք է դիմեն հանրային պաշտպանի գրասենյակ` փաստաբան տրամադրելու համար կամ իրենք ճարեն նոր փաստաբան:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 25-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ