Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ձայնագրությունը եղել է Rich սրճարանում՝ մի քանի շաբաթ առաջ»

Դեկտեմբեր 18,2012 13:44

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի սրճարանային զրույցի ձայնագրությունը, ասաց, որ եթե երկու  պատգամավորներ որոշել են իրենք խոսակցությունը ձայնագրել եւ  ինտերնետում գցել, դա իրենց գործն է եւ որ բարոյականությունից խոսում են սովորաբար այն մարդիկ, ում զրույցից պարզ դարձավ, թե ինչ է բարոյականությունը:

Այս առնչությամբ այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին պարզաբանումներ տվեց. «Դա շատ լավ նշան է, դա նշանակում է, որ իշխանությունները իրենք էլ հասկացան, որ իրենց սադրանքը լրիվ ուղղվեց իրենց դեմ: Այսինքն՝ իրենց նպատակն այն էր, որ իրենք փորձեին դրանով  վարկաբեկել ընդդիմությանը, բայց վարկաբեկվեցին իրենք, որովհետեւ հասարակության մեջ  հիմնական հարցը դարձավ այն, որ Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանում, պարզվում է, այնքան էլ ապահով չէ, կամ ապահով է հատուկ ծառայությունների համար: Հիմա շատ կոնկրետ բան է  կատարվել, եւ բոլորն ընդունում են, այդ թվում՝ իշխանությունները, որ գաղտնալսումն ապօրինի է: Դա բոլորն ընդունում են: Մեր խորին համոզմամբ՝ դա Սերժ Սարգսյանի հրամանով կատարել են Հատուկ ծառայությունները: Բայց եթե իշխանությունները դա չեն ընդունում, դրա համար կա շատ պարզ մի մեխանիզմ: Նրանք ուղղակի հետաքննում են, գտնում եմ նրան, ով դրել է այդ ձայնագրությունը youtube-ում ու պարզում են, թե ով է կատարել այդ գաղտնալսումը: Հավատացեք, եթե այդ գաղտնալսումը չեն կատարել ՀՀ հատուկ ծառայությունները, ուրեմն իրենք շատ հեշտությամբ կհայտնաբերեն, թե ով է դա կատարել: Բոլոր պոչերը հնարավոր է բռնել եւ այդ հետքերով բռնել մեղավոր անձանց: Հիմա տեսան, որ ամբողջ հասարակությունն իրենց է մեղադրում, ուրեմն լավագույն ձեւը նրանց համար այն է, որ  իսկապես իրենց բոլոր հնարավորություններով բռնեն մեղավորներին»:

Հարցին՝ այնուամենայնիվ, Դուք դիմելո՞ւ եք պաշտոնապես իրավապահ մարմիններին՝ նա պատասխանեց. «Դուք գիտեք, որ ես արդեն դիմել եմ՝ հայտարարությամբ: Կքննարկենք, եթե իրենց պետք  է ֆորմալ դիմում, միգուցե դա էլ անենք, ի՞նչ է եղել: Սա մենակ իմ ու Վարդան Օսկանյանի գործը չի: ՀՀ բոլոր քաղաքացիները շահագրգռված են, որ մենք ապրենք դեմոկրատական երկրում, որտեղ հարգում են մարդկանց սահմանադրական իրավունքները, ժողովրդավարական ազատությունները: Սա կլինի մեր պետության ժողովրդավարության թեստ»:

Լրագրողները ճշտեցին՝ ո՞ւմ հետ եք քննարկելու՝ Վարդան Օսկանյանի՞ հետ, թե՞ ՀԱԿ-ի ներսում: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ի ներսում կլինի քննարկում, իսկ պարոն Օսկանյանին տեղյակ կպահեն:

Լեւոն Զուրաբյանը, ինչպես հայտարարել էր, չպատասխանեց ձայնագրության բովանդակության հետ կապված հարցերին եւ շնորհակալություն հայտնեց «Առավոտին»՝ իր կոչին հետեւելու համար:

Ըստ նրա, ովքեր փորձում են այս ԿԳԲ-ական սադրանքը վերլուծել, կամա թե ակամա դառնում են Հատուկ ծառայությունների սադրանքի մասնակիցը:

Նա հաստատեց, որ իրենք Վարդան Օսկանյանի հետ հանդիպել են եւ ձայնագրությունը եղել է Rich սրճարանում՝ մի քանի շաբաթ առաջ, կոնկրետ օրը չի հիշում: Հարցին՝ գիտե՞ք, որ այդ սրճարանը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին՝ նա պատասխանեց, որ դրանով թող զբաղվի դատախազությունը: Լրագրողները տարաբնույթ հարցեր էին տալիս՝ մատուցո՞ղն է տեղադրել ժուչոկը, ինչին Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Դե լավ, էդ արդեն ձեզ դրեցիք քննիչի տեղ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե բովանդակային հարցով ՀԱԿ-ում քննարկումներ եղած կլինեն, նա պատասխանեց. «Դուք կարող է ձեզ շուստրի երեւակայեք, բայց ոչ մի քննարկում բովանդակային մասին ՀԱԿ-ում չի եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31