Կամ՝ առկախ մնացած հարցեր
2009թ. հոկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ «Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը ԿԳ նախարարության լիազորությունից անցավ ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության տակ:
Անձամբ ողջունել եմ այս քայլն այն համոզմունքով, որ կրթության քաղաքականությունն իրականացնող պատասխանատու պետական լիազորված մարմնի գործունեությունը չի կարող օբյեկտիվորեն գնահատվել իրեն ենթակա գնահատող մարմնի կողմից եւ հանրակրթության որակը բարձրացնելու շահերից ելնելով՝ ճիշտ կլինի, եթե այդ գնահատող կազմակերպությունը լինի անկախ: Փաստորեն, արդեն 3 տարի է՝ հանրակրթության որակը գնահատող կազմակերպությունը, գտնվելով ՀՀ վարչապետի լիազորության ներքո եւ իր կանոնադրության մեջ ունենալով «սովորողների գիտելիքների ստուգումների եւ քննությունների արդյունքների ամփոփումը, վերլուծությունների իրականացումն ու դրանց հրապարակումը» պահանջը, ոչ մի անգամ հասարակությանը չի տեղեկացրել այն մասին, թե ԳԹԿ-ն ներկայացրե՞ց, արդյոք, կառավարությանը հրապարակային հաշվետվություն հանրակրթության որակի մասին, տեղյա՞կ է, արդյոք, հարգարժան վարչապետը, որ ըստ 2010-2011թթ. ԳԹԿ-ի կողմից տարբեր դասարաններում եւ տարբեր առարկաներից իրականացված սովորողների ընթացիկ արտաքին գնահատման արդյունքների, հանրակրթության մեջ սովորողների գիտելիքների միջին գնահատականը 10 միավորանոց գնահատման համակարգում տատանվում է 2,5-4.1-ի միջեւ: Կանգ առնեմ միայն 2010թ. հոկտեմբերին ՀՀ ավագ դպրոցների 10-րդ դասարաններում անցկացված արտաքին գնահատման արդյունքների վրա, ըստ որոնց՝ հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից կտրվել են սովորողների 25%-ը, իսկ մաթեմատիկայից՝ 35,5%-ը: Հատկապես նշեմ, որ ԳԹԿ-ի մեթոդոլոգիական վերլուծության մեջ գրված չէր, թե թեստերը ԿԱԻ-ում փորձաքննություն անցե՞լ են, թե՝ ոչ, որը կարեւոր էր ուսուցիչների դժգոհության տեսանկյունից՝ բացառելու համար թեստերի ծրագրային անհամապատասխանության մասին հնչող կասկածները: Ի դեպ, հոկտեմբերին անբավարար ստացած հիմնական դպրոցի շրջանավարտները հունիսին ավարտական քննությունները հանձնել ու ստացել էին վկայականներ: Ստացվում է, որ վերոնշյալ ընթացիկ գնահատումը բացահայտեց հետեւյալ փաստը.
Կարդացեք նաև
ա/ հիմնական դպրոցի շրջանավարտներից յուրաքանչյուր չորրորդը մայրենիից, յուրաքանչյուր երրորդը մաթեմատիկայից ունեն անբավարար արդյունք, բ/ կասկածի տակ դրվեցին 2010թ. հունիսի ավարտական քննությունների արդյունքները: Առկա է ԳԹԿ-ի առարկայական վերլուծությունը, որը չի տվել հետեւյալ հարցերի պատասխանները՝ ի՞նչն էր այդ ցածր արդյունքների պատճառը՝ առարկայական ծրագրե՞րը, դասագրքե՞րը, ուսուցիչների գիտելիքների ու հմտությունների ցածր մակարդա՞կը, նրանց վերապատրաստման ցածր որա՞կը, թե՞ թեստերի անհամապատասխանությունն առարկայական ծրագրերին ու դասագրքերին կամ բոլորը միասին վերցրած:
Այս հարցադրումները պարտավոր ենք հնչեցնել ու ակնկալել պատասխան, որովհետեւ ԿԳ նախարարի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարարը նաեւ ԳԹԿ ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահն է, ումից անձամբ ես մեծ ակնկալիքներ եմ ունեցել:
Այսօր արդեն հրապարակված են 2011 թվականին անցկացված տարբեր երկրների հանրակրթության որակը գնահատող TIMSS-ի ստուգատեսի արդյունքները, որոնք վկայում են Հայաստանում հանրակրթության որակի ետընթացի մասին: Որպես վերոնշյալ ստուգատեսն իրականացնող մարմին, ԳԹԿ-ն վերլուծելու ու հրապարակելո՞ւ է, արդյոք, հանրակրթության, ուրեմն նաեւ բուհական կրթության մակարդակի անկման պատճառները: Տրվելո՞ւ են համապատասխան հանձնարարականներ կրթության պատասխանատու մարմիններին, թե՞ լուռ անցնելու ենք նաեւ այս փաստի կողքով:
Հարգելի պարոն վարչապետ, խնդիրն այս պահին բարձրացնելու անհրաժեշտությունը թելադրված է նրանով, որ ներկայումս ԳԹԿ ՊՈԱԿ-ում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, եւ ակնկալում ենք, որ կառավարության աշխատակազմին ենթարկվող կառույցի անցած գործունեությանը տրվի հրապարակային գնահատական, ոլորտի շահագրգիռ անձանց բացատրվի նրա կառուցվածքային փոփոխության անհրաժեշտությունը եւ արդյունքում ունենանք նորացված ԳԹԿ, որի գործունեությունը կբխի միմիայն հանրակրթության շահերից ու կծառայի նրա որակը բարձրացնելուն, որին կոչված է:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
կրթության ոլորտի փորձագետ