Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ազատ ըմբշամարտի հավաքականում միայն գերծանր քաշային կարգն է թափուր»

Դեկտեմբեր 18,2012 13:38

Ասում է ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը

Դեկտեմբերի 21-23-ը «Միկա» մարզապալատում անցկացվելու է ազատ ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին պարտադիր պետք է մասնակցեն մեր բոլոր առաջատար մարզիկները՝ անկախ մարզական նվաճումներից եւ կոչումներից: Բացառություն է միայն 74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը, որը վնասվածքից հետո ուսահոդի վիրահատության է ենթարկվել: Սակայն նա հանդես չի գալու նաեւ գարնանը կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Իսկ այս ընթացքում եթե հասցնի լիովին ապաքինվել եւ մարզումներում իրեն լավագույն կողմերով դրսեւորի, կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը:

«Առավոտը» զրուցել է ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ:

– Փաստորեն, երեւանյան մրցագորգում հայ հանդիսականը բոլոր քաշային կարգերում հանրապետության լավագույն ըմբիշների մրցելույթներին հետեւելու հնարավորությո՞ւն է ունենալու:

– Հայաստանի առաջնությանը չի մասնակցի գերծանր քաշային Ռուսլան Բասիեւը, որին ես ցտեսություն եմ ասել, քանի որ չարդարացրեց հույսերը՝ չկարողանալով Լոնդոնի օլիմպիական ուղեգիր նվաճել: Առայժմ կասկածի տակ է նաեւ Հաջիմուրադ Նուրմագոմեդովի հարցը: Եթե նա եւս չժամանի, կզրկվի հետագայում հավաքական ընդգրկվելու հնարավորությունից: Մնացած բոլորը մասնակցելու են: Հավաքականում մեկ էական փոփոխություն կա՝ կապված անձնական քաշը փոխելու հետ: Մուսա Մուրթազալիեւը, որ մինչեւ հիմա հանդես էր գալիս 74 կգ քաշային կարգում, բարձրացել է 84 կգ քաշային կարգ: Ընդհանուր առմամբ, սա է հավաքականի ներկայիս ընդհանուր պատկերը, որն ավելի պարզ կդառնա հանրապետության առաջնությունից հետո:

– Իսկ Ռուսլան Բասիեւի հեռանալուց հետո 120 կգ քաշային կարգն ո՞վ կհամալրի:

– Այս առաջնությունում հաղթող, իհարկե, կլինի: Բայց մենք չունենք գերծանր քաշային այնպիսի ըմբիշներ, որոնց նպատակահարմար լինի գործուղել անգամ Եվրոպայի առաջնություն: Ի դեպ, միայն Հայաստանը չէ, որ այդ քաշում մարզիկներ չունի: Ամբողջ աշխարհում է գերծանր քաշային կարգը խնդիր: Մի խոսքով ասած, ազատ ըմբշամարտում այսօր միակ թափուր տեղը 120 կգ քաշային կարգն է: Իսկ թե ինչպե՞ս կհամալրվի, դժվարանում եմ ասել: Մենք այդ թեմայով խոսել ենք ղեկավարության հետ: Որոշումն իրենք են կայացնում: Բայց կարծում եմ, որ հարմար տարբերակ եթե լինի, հարցը լուծում կստանա: Ասենք, Վրաստանն ունի նորմալ գերծանր քաշայիններ: Նրանք հունվարին գալու են Ծաղկաձոր՝ մեզ հետ համատեղ ուսումնամարզական հավաքների: Եթե հնարավոր լինի, նրանց 2-3-րդ համարներին կարելի է վերցնել:

– Իսկ մյուս քաշային կարգերում հարցերը լուծվա՞ծ են:

– Գրեթե այո: Քաշային կարգեր ունենք, որտեղ 4-5 մոտավոր հավասար ըմբիշներ կան եւ նրանց մեջ մեծ մասը չնայած երիտասարդ տղաներ են, բայց արդեն իրենց տարիքային խմբերում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում մեդալներ են նվաճել եւ ազգային հավաքականի հիմնական կազմի անդամ են: Մենք նրանց հետ լուրջ աշխատանք ենք տանում, որովհետեւ նրանք մեկ-երկու տարի հետո լիարժեք կհամալրեն ազգային հավաքականը եւ կարող են հաջորդ օլիմպիական խաղերում ներկայացնել մեր երկիրը:

– 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը նույնպես մարզումային մրցակցի պակաս ուներ եւ կամ նրա համար էիք մրցակից հրավիրում, կամ նրան էիք գործուղում այլ երկրներ:

– Այո: Ճիշտ եք: Բայց հիմա մի նոր երիտասարդ տղա կա՝ Վրաստանից: Հայրը հայ է, մայրը՝ վրացի: Վիկտոր Կազիշվիլին է: Նա ինչ-որ չափով համալրում է այդ բացը: Սակայն ձեր նշած խնդիրը մնում է: Արդեն ասացի, որ վրացիները գալու են համատեղ մարզումների, հետո մենք ենք մեկնելու Վրաստան եւ Ուկրաինա: Էդգարն այդ ընթացքում լավ մարզումային մրցակիցներով կապահովվի: Խնդիր կարող է առաջանալ վերջին հավաքներում: Դա էլ, հավանաբար, կկարգավորենք այդ ընթացքում նույն Վրաստանից, Դաղստանից կամ Ռուսաստանի այլ վայրերից մեկ-երկու ըմբիշ հրավիրելով: Ի դեպ, մոտավորապես նույն խնդիրը կա նաեւ 84 կգ քաշային կարգում:

– Հանրապետության առաջնությունից հետո ի՞նչ ծրագրեր կան:

– Թեթեւ մարզումներ: Եթե հավաքներ չկան, միեւնույն է, հավաքվում ենք: Ու գալիս են Երեւանի շրջակայքում բնակվող ըմբիշները, նրանք, ովքեր տեղերում մրցակիցներ չունեն եւ չեն կարողանում պատշաճ մասնակցել հանրապետության առաջնություններին: Օրինակ, Գառնիի մարզադպրոցը, որտեղ կան համապատասխան պայմաններ, մարզիչներ չլինելու պատճառով առաջնություններին ներկայանում է մեկ-երկու ըմբիշով: Նույն վիճակն է Սյունիքի մարզում՝ Կապանում, Գորիսում, Սիսիանում եւ այլուր: Փառք Աստծո, արդեն ոտքի են կանգնում Գյումրին, Արթիկը, Վանաձորը…

– 2013-ի կարեւորագույն մեկնարկները որո՞նք են:

– Եվրոպայի առաջնությունը Թբիլիսիում՝ մարտին, Համաշխարհային ուսանողական խաղերը՝ Կազանում՝ անռանը եւ աշխարհի առաջնությունը՝ Հունգարիայում՝ սեպտեմբերին: Բոլորին էլ նախապատրաստվում ենք այսօրվանից եւ մտադիր ենք մասնակցել լիարժեք կազմերով: Կրկնեմ, կախված մարզավիճակից, նախապատվությունը, գուցե, տանք երիտասարդներին. հաջորդ օլիմպիական խաղերին արդեն քիչ ժամանակ է մնում:

– Օլիմպիական վարկանիշային մրցումները երբվանի՞ց են սկսվելու:

– Միջազգային ֆեդերացիայից պաշտոնական ոչ մի իրազեկում չկա: Բայց դա էական չէ: Մենք պատրաստվում ենք ու պատրաստ ենք լինելու ցանկացած տարբերակի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ News.am-ի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31