Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրիս, որդիս՝ Ալթունյանն այսպես է գովել

Դեկտեմբեր 18,2012 13:36

Կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը կուզեր ունկնդրից էլ ջերմ խոսքեր լսել նոր գործի պրեմիերայի առիթով

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում պրեմիերա է:

Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ թատրոնի նվագախումբը, երգչախումբը (ղեկավար՝ Կարեն Սարգսյան), մեներգիչները (Հովհաննես Ներսիսյան եւ Լիպարիտ Ավետիսյան) եւ ասմունքող, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը կմատուցեն կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ալթունյանի «Մատյան ողբերգության» բալետ-օրատորիան՝ ըստ Գրիգոր Նարեկացու աղոթագրքի:

Նախօրեին «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Ալթունյանն ասաց, որ այս ստեղծագործությունը կեսդարյա իր կոմպոզիտորական աշխատանքի յուրատեսակ ամփոփում է, հավելելով. «Մեծակտավ այս երկը բաղկացած է 2 գործողությունից՝ 9 պատկերով: Եվ, որ ամենակարեւորն է, նվիրված է առաջին հայ գրքի տպագրության 500-ամյակին: Օպերային թատրոնի բեմը ժամանակակից տեխնիկայով վերազինումից հետո կսկսվեն բեմադրական աշխատանքները, լիբրետոյի հեղինակն էլ Ռուդոլֆ Խառատյանն է: Ի դեպ,  առաջին անգամ այս գործում ընդգրկել եմ զուռնա ու մեծ դհոլ»:

Լսելով գլխավոր փորձը՝ սիմֆոնիայի, սիմֆոնիկ երկերի, կամերային գործերի եւ տարբեր կամերային անսամբլային կազմերի ու երաժիշտների համար գրված շուրջ 500 ժողովրդական երաժշտարվեստի ճանաչված հեղինակին հայտնեցինք մեր այն կարծիքը, որ ալթունյանական այս երկը իր «թափով» կարծես հիշեցնում է Խաչատրյանի «Սպարտակը»: Համակարծիք լինելով դիտարկմանը, կոմպոզիտորը հայտնեց. «Այս ստեղծագործության վրա աշխատել եմ շուրջ 6 տարի եւ ձգտել հնարավորինս հավասարվել  Նարեկացու «Մատյանի» ուժին»:

Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ ստեղծագործելիս ամեն վայրկյան իր աչքի առջեւ ունեցել է հայ խստապահանջ ունկնդրին: Ռեպլիկին՝  եթե հրաշքով հայրը՝ մեծանուն Թաթուլ Ալթունյանը հայտնվեր հանդիսատեսի կարգավիճակում, կգոհանա՞ր որդու ստեղծագործությամբ, պարոն Ալթունյանն ասաց. «Իբրեւ կոմպոզիտոր առաջին քայլերն անելիս միշտ թաքնված էի աշխատում, խուսափում էի, որ հորս ներկայացնեի կամ նա լսեր երաժշտական այս կամ այն դարձվածքը, մի խոսքով՝ վախենում էի  նրա կարծիքը լսելուց: Միայն 1969թ., երբ առաջին անգամ հնչեց իմ Ջութակի, ալտի եւ նվագախմբի համար գրված կոնցերտս՝ ջութակահար Վիլլի Մոկացյանի, ալտի պարտիան ես էի նվագում ու դիրիժոր Յուրի Դավթյանի ղեկավարությամբ, միայն համերգից հետո, շնորհավորանքներ ընդունելիս, հերթականը ստացա հորիցս. նա ընդամենը համբուրեց ճակատս ու ասաց երկու խոսք՝ աբրիս, որդիս»:

Ազգային օպերային թատրոնի նվագախմբին, մեներգիչներին հիշյալ ստեղծագործության պրեմիերան վստահելու առիթով էլ Ռուբեն Ալթունյանը նախ կատակեց, ասելով, թե լավ է, որ, ի վերջո, թատրոնի նվագախումբը փոսից բարձրացրին բեմ, հետո էլ հայտնեց. «Փաստորեն, եթե օպերային թատրոնը մի քանի ամսով չփակվեր, գուցե այդպես էլ նույնիսկ մենք՝ արվեստագետներս թատրոնի նվագախմբի գինը չիմանայինք, իսկ վերջինս ակնհայտ երեւաց այս թատերաշրջանի սկզբում  մեկնարկած «Համերգ ճեմասրահում» խորագրով երեկոների արդյունքում, որտեղ հանդիպում ենք թե նվագախմբին, թե վերջինիս արտիստներից կազմված տարբեր կամերային կազմերի եւ թե մեներգիչների»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31