Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն եւ Կառլեն Հակոբյանների հայցը մերժվեց

Դեկտեմբեր 18,2012 13:33

Ինչպես փախստականներից շատերը, այդպես էլ Կարեն եւ Կառլեն եղբայրները հայցադիմում էին ներկայացրել  ՀՀ վարչական դատարան՝ առ այն, որ անվավեր ճանաչվի ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) կայացրած որոշումը՝ եղբայրների փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին եւ որպես բարենպաստ վարչական ակտ՝ պարտավորեցվի ՄՊԾ-ին վերականգնել իրենց փախստականի կարգավիճակը Հայաստանում:

Դատաքննություններն անցկացվեցին վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ:

Հայցվորների ներկայացուցիչ Աշխեն Եսայանն  ամիսներ տեւած դատական քննություններին անդրադարձավ Կարենի եւ Կառլենի՝ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթվելու վերաբերյալ հանգամանքներին: Ներկայացրեց եղբայրների անձը հաստատող փաստաթղթերը՝ փախստականի վկայականները եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերը: Ներկայացրեց նաեւ 1990 թվականին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթվելու վերաբերյալ «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի արխիվում պահպանված փախստականի ընտանիքի քարտը, հաշվառման թերթիկը, որը սովորաբար ստանում են նրանք, ովքեր բռնագաղթվելուց հետո մուտք են գործում որեւէ երկիր, տվյալ պարագայում՝ Հայաստան:

Դատարանն արձանագրեց, որ  փախստական ճանաչելու համար հիմք է հանդիսանում  «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված լինելը, փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված լինելը։ Գործի փաստերի համաձայն՝ հայցվորների ծնողները Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթել են Հայկական ԽՍՀ եւ հաշվառվել են որպես փախստականներ, ու նրանց տրվել է փախստականի վկայականներ, իսկ նրանց որդիները ծնվել են  Հայկական ԽՍՀ-ում»:

Կարենն ու Կառլենը Հայաստանում ծնվելուց հետո եղել են Ադրբեջանում եւ Ադրբեջանից ծնողների հետ բռնագաղթվել են Հայաստան: Նրանց մայրը՝ Անահիտ Առաքելյանը, Ադրբեջանում ստեղծված վիճակի պատճառով 1988 թվականի հունիսի 28-ին՝ երեխա ունենալու նպատակով, Բաքու քաղաքից եկել է Հայաստան եւ Կարեն Հակոբյանի ծնունդից հետո, հուլիսի 15-ին վերադարձել է Բաքու: Այդուհետեւ, 1989 թվականի սեպտեմբերի 5-ին նորից է եկել Հայաստան եւ Կառլենի ծնունդից հետո, սեպտեմբերի 25-ին վերադարձել է Բաքու, իսկ Բաքվից Հայաստան են բռնագաղթվել 1990 թվականին, որի վերաբերյալ ՄՊԾ-ն հայտնել է, թե «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող ընտանիքի անկետայում չկա նշում նրանց՝ Ադրբեջանից դուրս գալու ժամկետների վերաբերյալ:

Ինչպես են եղբայրները ստացել փախստականի անձնագրեր, եթե չկար նշում իրենց բռնագաղթվելու մասին եւ ինչպես է եղել, որ այդ մասին հիշատակվել է միայն բոլորովին վերջերը, այլ ոչ թե՝ հենց 1990 թվականին, երբ իրենք մուտք են գործել Հայաստան: Փաստորեն, դատարանն իր հերթին հերքեց այն փաստը, որ տղաները համարվում են փախստականներ, սակայն հարկ ենք համարում տեղեկացնել, որ եղբայրներ Կարեն եւ Կառլեն Հակոբյաններն այդքանով չեն սահմանափակվելու:

Իրենք հայցադիմում են ներկայացնելու նաեւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով կայացված դատական ակտը: Հիշեցնենք, որ եղբայրների փախստականի կարգավիճակի մասով «Առավոտն» անդրադարձել էր, երբ գործը ընդունվել էր դատարանի վարույթ:

ՄՊԾ-ի պետ Գագիկ Եգանյանը փախստականների համար մի առիթով ասել էր, թե տղաները չեն ուզում ընդունել ՀՀ քաղաքացիություն միայն նրա համար, որպեսզի խուսափեն բանակում ծառայելուց: Նշեմ, որ տղաների հայրը զոհվել է Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու ժամանակ, իսկ մայրն իր հերթին «Զոհված եւ վիրավոր ազատամարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահն է, որն իր ներդրումն է կատարում Հայաստանում հայրենասիրական, բարեգործական ծրագրեր իրականացնելու համար: Հավելենք, այստեղ հարցը ոչ թե Կարենի եւ Կառլենի հայրենասիրության պակասն է, այլ այն, որ առանց իրենց կարծիքը հարցնելու դադարեցրել են նրանց կարգավիճակը եւ դրանով խախտել մարդու իրավունքը՝ ազատ ընտրություն կատարելու հարցում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31