«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ նախագահ Դավիթ Սանասարյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը հիմնականում պայմանավորված էր Վլադիմիր Պուտինի կողմից ակնկալվող աջակցության մերժմամբ, իսկ հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը կարծում է, որ չարժե գերագնահատել Պուտինի եւ աշխարհաքաղաքական գործոնների նշանակությունը: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրապայքարին չմասնակցելու շարժառիթների շուրջ երկու հրապարակախոսների «Դեմ առ դեմ» բանավեճից:
«Առավոտ»- Ձեր գնահատմամբ` Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումից ո՞ր քաղաքական ուժն ավելի շահեց:
Հրանտ Տեր-Աբրահամյան- Այս պահին դժվար է ասել: Համենայնդեպս, ԲՀԿ-ն հաստատ չշահեց, որովհետեւ պետք է փաստել, որ անլուրջ տպավորություն թողեց: Մեծ գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ում կան առանձին թեւեր, եւ ենթադրելի է, որ այդ թեւերի ներքին բանավեճի կամ պայքարի արդյունքում հաղթեց թեւերից մեկը, որը, կարծում եմ, սխալ որոշում էր: Քաղաքական տեսակետից՝ ԲՀԿ-ի համար սխալ որոշում էր, իսկ թե հասարակության համար դա սխալ, թե ճիշտ որոշում էր՝ առանձին հարց է:
Կարդացեք նաև
«Առավոտ»- Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ տեղի ունեցածը կարող էր լինել նախօրոք ծրագրված քաղաքական խաղի հանգուցալուծում:
Հ. Տ.-Ա.- Էդ խաղի վարկածն ինձ ընդհանրապես համոզիչ չի թվում: Հայաստանի բնակչությունն ընդհանրապես հակված է ամեն ինչում խաղ տեսնել, եւ նաեւ՝ վերնախավերը Հայաստանի բնակչությանը հակված են ամեն ինչ խաղով բացատրել: Բայց ենթադրենք՝ խաղ էր: Ցանկացած խաղ ցանկացած պահի կարող է վերածվել լուրջ բախման, մանավանդ՝ եթե այդ խաղի մեջ լուրջ ֆինանսներ են: Բայց այստեղ՝ խաղ էր, թե խաղ չէր, երկրորդ հարց է: Կարեւորը, որ այդ խաղն, իմ կարծիքով, արդեն դուրս էր եկել վերահսկողությունից, իսկ եթե դեռ չէր եկել՝ կարող էր ցանկացած պահի դուրս գալ, եւ հասարակությունն, իմ կարծիքով, պետք է դրանից շահեր:
Դավիթ Սանասարյան- Եթե այս ամենը խաղ էր, ապա շատ վատ էր խաղարկված: Բացի այդ, իմ կարծիքով՝ այս որոշումը ԲՀԿ-ում չի կայացվել, դա ավելի շատ պարտադրված որոշում է եղել: Գագիկ Ծառուկյանը մինչ այդ արդեն ասել էր, որ որոշումն իր մեջ ունի, սակայն նա գնաց Բրյուսել, ԱՄՆ եւ այլ մեսիջներ ստացավ, քան սպասում էր: Երբ որ ընտրություններից առաջ գնում են աշխարհի կենտրոններ՝ ԱՄՆ, Բրյուսել եւ Մոսկվա, դա նշանակում է, որ ինչ-որ ակնկալիքներ ունեն:
«Առավոտ»- Ձեր տրամաբանությամբ՝ ստացվում է, որ նոյեմբերի 21-ին, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ինքն իր մեջ արդեն կայացրել է որոշումը, նկատի ուներ իր թեկնածության առաջադրումը, բայց դա փոխվեց նրա՝ բրյուսելյան այցից հետո: Մինչդեռ ԲՀԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ Ծառուկյանի թեկնածության հետ կապված Բրյուսելում շատ ոգեւորիչ գնահատականներ էին տրվել:
Դ. Ս.- Ես հումորով «Ֆեյսբուքում» գրել եմ, որ Բրյուսելում ինքս ավելի լուրջ մարդկանց հետ եմ հանդիպել իմ մեկամսյա փորձառական ծրագրի ընթացքում, եւ ավելի լուրջ հարցեր ենք քննարկել, քան Ծառուկյանն այդ այցի ընթացքում: Եվ հետո՝ չմոռանանք, որ ԲՀԿ-ն ամենաշուտն էր դիմել ԵԺԿ-ին անդամակցելու համար, սակայն մերժվեց այն գլխավոր հիմնավորմամբ, որ այդ կուսակցությունը կախված է օլիգարխի ցանկություններից: Բայց ամենակարեւորն այստեղ Ռուսաստանի լուրջ ազդեցությունն էր: Պուտինը պետք է կայացներ որոշում, թե ում է սատարելու՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Գագիկ Ծառուկյանին: Եվ Պուտինը հասկացել է՝ եթե Սերժ Սարգսյանին չսատարի, այդ դեպքում Եվրոպան կփորձի ավելի խորանալ Հայաստանում: Ես չեմ ասում, որ Սերժ Սարգսյանը եվրոպական արժեքներով քաղաքական գործիչ է, բայց ԵԺԿ-ի շրջանակներում է, որը փորձելու էր ավելի շատ Ռուսաստանին դուրս մղել: Եվ իմ կարծիքով՝ հենց նման որոշակի հաշվարկ կար, ու Պուտինը երեւի դրա համար այդ մեսիջն ուղարկեց Ծառուկյանին, որ աջակցության չսպասի: Սա կործանարար էր առաջին հերթին ԲՀԿ-ի համար, սա շատ վատ բան էր Հայաստանի քաղաքական իրականության համար: Բայց լավ եղավ, որ հիմա հրաժարվեց, որովհետեւ կարող է պայքարի ընթացքում հրաժարվեր՝ չգիտեմ ինչ մեկնաբանություններով:
Հ. Տ.-Ա.- Մասամբ համաձայն եմ, որ իրոք լավ է այն, որ Ծառուկյանը հիմա հրաժարվեց: Բայց եթե սա իրոք ծրագրավորված խաղ լիներ՝ ա լյա Արթուր Բաղդասարյան, ապա հիմա չպետք է վերջանար, գոնե վերջին պահին պետք է սա լիներ: Բայց այդպես չեղավ, եւ դա ինձ համար եւս մեկ փաստարկ է, որ սա կարծես թե ծրագրավորված խաղ չէր:
Դ. Ս.- Թույլ տվեք չհամաձայնվել:
Հ. Տ.-Ա.- Բայց մինչ այդ մի բան՝ չէի ուզենա Պուտինին եւ Ռուսաստանը խառնենք մեր խոսակցությանը, որովհետեւ գնում ենք՝ ինչ-որ բաների մասին ենք խոսում, որոնցից ամեն դեպքում լավ տեղեկացված չենք: Չարժե գեոպոլիտիկայով մեր ժողովրդին այդքան ծանրաբեռնել:
Դ. Ս.- Կապված Արթուր Բաղդասարյան չդառնալու հետ. դու քո ընտրազանգվածին տաքացնում ես Սերժ Սարգսյանի դեմ, հետո քաշվում ես մի կողմ, ինչից ընտրազանգվածը ջախջախվում է: Տարբերությունը ո՞րն է: Եղավ Արթուր Բաղդասարյան հինգ պակաս:
«Առավոտ»- Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի արձագանքը ԲՀԿ-ի որոշմանը:
Հ. Տ.-Ա.- ՀԱԿ-ի արձագանքն ինչ պետք է լիներ: Մենք արդեն ասացինք, որ ԲՀԿ-ի այդ քայլն անլուրջ քաղաքական քայլ էր:
«Առավոտ»- Իսկ ՀԱԿ-ի արձագանքը լո՞ւրջ էր, երբ ասվեց՝ միեւնույն է, իշխանության բուրգից մի մաս պոկվեց:
Հ. Տ.-Ա.- Դե, ամեն դեպքում մենք կարող ենք ֆորմալ արձանագրել, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի պայքարը հասարակությանը որոշակի օգուտ տվեց: Ես կուզենայի, որ այս պայքարն ավելի երկար տեւեր:
«Առավոտ»- Այնուամենայնիվ, Դուք չպատասխանեցիք հարցին, թե ինչպես եք գնահատում ՀԱԿ-ի արձագանքը, այն, որ Կոնգրեսից որեւէ քննադատություն չհնչեց ԲՀԿ-ի հասցեին:
Հ. Տ.-Ա.- Ես կարծում եմ, որ քաղաքական տեքստի մեջ այդպիսի քննադատություն չպիտի էլ հնչի: Դա նորմալ է: Եթե մարդիկ համագործակցել են եւ հույս ունեն, որ դեռ ինչ-որ հարցերում գուցե շարունակեն համագործակցել, դա նորմալ է:
«Առավոտ»- Ըստ Ձեզ՝ սրանից հետո ի՞նչ հարցերի շուրջ կարող են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն համագործակցել:
Հ. Տ.-Ա- Դե, արդեն ՀԱԿ-ն ունի իր պաշտոնական խոսնակը, իրեն դիմեք:
«Առավոտ»- Դուք ՀԱԿ-ի անդամ չե՞ք:
Հ. Տ.-Ա.- ՀԱԿ-ը քաղաքական կուսակցությունների դաշինք է, իսկ ես որեւէ կուսակցության անդամ չեմ: Ես ՀԱԿ-ի համակիր եմ:
Դ. Ս.- Ես ուզում եմ մտնել ՀԱԿ-ի դրության մեջ եւ հատկապես այն թեւերի, ովքեր ԲՀԿ-ի հետ փոփոխության գնալու հույսեր էին կապում: Այս պահին նրանց ցանկացած խոսք անորոշությունից դուրս եկող մեկնաբանություն է: Ես ողջունել եմ ու շարունակում եմ ողջունել Նիկոլ Փաշինյանին, ով ի սկզբանե գիտեր՝ ինչ է կատարվելու, եւ մինչեւ վերջ մնաց իր կարծիքին:
Բանավեճը վարեց
ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:
ՀԿ-ի՝ նախագահական ընտրապայքարին չմասնակցելու շարժառիթների շուրջ երկու հրապարակախոսների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ