Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ծրագիր է, որը վայել է եւ երկրի նախագահին, եւ ՀՀ քաղաքացուն»

Դեկտեմբեր 18,2012 13:24

Հերմինե Նաղդալյանը՝ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի, պատգամավորների զրույցի գաղտնալսումների եւ Հրանտ Բագրատյանի հնչեցրած մեղադրանքների մասին:

Շաբաթ օրը ՀՀԿ համագումարում կուսակցությունը պաշտոնապես առաջադրեց կուսակցության եւ հանրապետության գործող նախագահի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը լինելու է «Դեպի ապահով Հայաստան»: Հրապարակվեց նաեւ հանրապետական թեկնածուի նախընտրական ծրագրի նախագիծը: Մոտ 50 րոպե տեւած ծրագրային ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը փորձեց բացատրել իր կարգախոսը՝ ի՞նչ է նշանակում «ապահով Հայաստան»: Ըստ այդմ, նախագահ Սարգսյանը խոսեց դատարանների անկախությունից՝ խոստանալով շարունակել հիմնավոր, արմատական բարեփոխումները, որոնք կարճ ժամկետում քաղաքացիների համար կապահովեն արդարադատության մատչելիություն, դրանց իրական անկախություն ու արդյունավետություն: «Քաղաքացին պետք է իրեն ապահով եւ ինքնավստահ զգա թե փողոցում, թե աշխատավայրում, թե ոստիկանատանը, թե դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է «Դուք»-ով խոսել: Ասվածը պետք է հասկանալ եւ ուղղակի, եւ փոխաբերական իմաստով»,- ասաց նա: Նախագահը խոսեց նաեւ կոռուպցիայի եւ ամենաթողության դեմ տարվող պայքարի մասին: Մատնանշելով ձեռքբերումները` Սերժ Սարգսյանը խոստացավ, որ հայաստանցիների նոր սերունդը «անպատժելիության հանդիպելու է միայն ծնողների հուշերում»: Ուշագրավ էր, որ ՀՀԿ համագումարին, նախագահի հնչեցրած ծրագրային ելույթին եւ խոստումներին հաջորդեցին զավեշտալի իրադարձություններ: Կիրակի օրը համացանցում հայտնվեց ԲՀԿ-ական եւ ՀԱԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի զրույցի ձայնագրությունը: Վերջիններս քննարկում էին ներքաղաքական խնդիրներ՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Մասնավորապես, անդրադարձ կա ՀԱԿ-ի ներսում առկա քաղաքական հակասություններին, Կոնգրեսի կողմից նախագահի հնարավոր թեկնածուներին եւ ՀԱԿ-ի ընտրազանգվածի քաղաքական տրամադրություններին՝ այդպիսով առավել առարկայական դարձնելով այն խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի հարաբերությունների մասով բավական ընդդիմադիր կեցվածք ունեն: Թե Լեւոն Զուրաբյանը, թե Վարդան Օսկանյանը, թե Նիկոլ Փաշինյանն իրենց տարածած հայտարարություններում մեղադրել են ԱԱԾ-ին՝ ՀՀ քաղաքացիների զրույցը գաղտնալսելու մեջ: ԱԱԾ-ն պատասխան հայտարարությամբ հերքել է իրեն ուղղված մեղադրանքը: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց.

– Պատկան մարմիններն այսօր հայտարարությամբ բացատրել են իրենց մասնակցություն չունենալն այս գործընթացին, ուստի պատասխանները պետք է որոնել այլ տեղ: Եթե սա մասնավոր անձանց կամ քաղաքական անձանց խնդիր է՝ ես որեւէ բան ասել չեմ կարող: Ուրիշ տեղ պետք է փնտրել, ուրիշ տեղ պետք է որոնել:

– Որտե՞ղ որոնել:

– Մամուլում տարբեր բաներ են հնչում, չեմ ցանկանում որեւէ մեկին միանալ կամ հերքել, բայց կարեւոր եմ համարում ԱԱԾ-ի հայտարարությունը: Հարցը ճիշտ կապեցիք նախագահի խոսքի հետ, ու այստեղ ամենակարեւորն այն է, որ պատկան մարմինը թափանցիկ եղավ:

Ինչ վերաբերում է նախագահի ծրագրին, ապա մեզ իսկապես ներկայացվեց կյանքի բազմաթիվ կողմերին նվիրված տեսլականը, որը փորձելու ենք իրականացնել մենք՝ ՀՀԿ-ականներս, եւ որը ապագա հինգ տարիներին լինելու է մեր գործունեության ծրագիրը: Մենք ջանալու ենք, որ նախագահի ծրագրում հնչած բոլոր մտքերը իրականություն դառնան: Սա ծրագիր է, որը վայել է եւ երկրի նախագահին, եւ ՀՀ քաղաքացուն: Ցանկանում եմ, որ հանրությունը, ՀՀԿ-ն ունենա այդքան քաղաքական կամք՝ իրագործելու այդ ծրագիրը:

– Իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում նախագահ Սարգսյանը մի քանի նման ծրագրային ելույթներ է ունեցել, ցավոք, դրանց շոշափելի արդյունքները չկան:

– Խոսքը արմատական փոփոխությունների մասին է, նաեւ մեր մտածելակերպի ու վարվելակերպի փոփոխության: Այսինքն՝ սրանք փոփոխություններ են, որ 1-2 օրում, անգամ 1-2 տարում չեն իրագործվում: Այս ծրագիրը նաեւ օրինակ է նրա, թե ինչ վարքագիծ պետք է ունենան իշխանությունն ու իշխանության ներկայացուցիչը: Շատ երկրների փորձ գիտենք, որ իշխող ուժերն իրար փոխարինելով՝ իրագործում են երկրի հզորացման, հանրության համար կյանքի արդարացի պայմանների ստեղծման նույն ազգային ծրագիրը: Մեթոդներն ու մեխանիզմները կարող են տարբերվել, նպատակներն ու խնդիրներն ազգային են ու բոլորի համար են: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը մեծ նպատակներ ու նշանակետեր է դրել: Ես ուրախ կլինեմ, որ իշխանության փոփոխվող ներկայացուցիչներն այս ծրագիրն իրենց պլատֆորմը համարեն, գոնե նպատակների մասով: Իսկ այն, ինչը նախկինում հնչել է նախագահի խոսքերում, այսօր շատ քայլերի ենք ականատես լինում: Հնարավոր է, որ ոչ բոլորի արդյունքներին ենք ականատես, դրանք կարող են մի փոքր ուշանալ: Նախագահն էլ ասաց այդ մասին, որ կան արված քայլեր, որոց պտուղները շուտով կտեսնենք: Շատ եմ կարեւորում հակակոռուպցիոն պայքարը: Մենք՝ իշխանությունը, քաղաքական ուժերը քաղաքացիները, չինովնիկները պետք է մի բռունցք դառնանք՝ կոռուպցիոն արատավոր ախտը հանելու մեր միջից: Փորձը ցույց է տալիս, որ մեկ ուժը դա չի կարող անել:

– ԲՀԿ-ն հստակեցրեց իր մասնակցության ձեւը նախագահական ընտրություններին: Ձեր կարծիքով՝ դա հստակություն մտցրե՞ց քաղաքական դաշտում:

– Ժամանակահատվածը եւ գործընթացն արդեն այնպիսին են, որ քաղաքական դաշտի բոլոր խաղացողները պետք է հրապարակեն իրենց որոշումները: Բնականաբար, ընտրողի համար ԲՀԿ-ի որոշմամբ էլ քաղաքական դաշտում որոշակի պարզություն մտավ: Իրականում ԲՀԿ-ի վարքագիծը կարեւոր է քաղաքական դաշտի զարգացումների համար: Շատ տարբեր հաշվարկներ, մտահղացումներ, մտորումներ՝ ապագային միտված, իսկապես հստակեցվեցին:

ՀՀԿ-ի համար, թերեւս, ամենահեշտն էր, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, մենք քաղաքական դաշտի ամենականխատեսելի ուժն ենք, քաղաքական դաշտի ամենահիմնավոր խաղացողներից մեկն ենք, մեր որոշումները կայացվում են լրջմիտ, թափանցիկ եւ հանրությանը հայտնի են: Ասելով, որ մենք կանխատեսելի ուժ ենք, նկատի ունեմ նախեւառաջ այն, որ հանրությունն իր քաղաքական առաջամարտիկներից իր սպասելիքները, նրանց արժեհամակարգը, վարքագիծը հստակ պետք է իմանա: Այդ իմաստով մենք գաղտնի չենք, փակ չենք, բաց ենք հանրության համար: Դրա համար էլ մեր վարքագծի մեջ ինչ-որ փոփոխություններ չկան. եւ մեր ծրագրային հենքը, եւ գաղափարները, եւ թեկնածուն վաղուց հայտնի են: Մեր արածն էլ հայտնի է, չարածն էլ, մենք ամենաշատն ենք բարձրաձայնում՝ խնդիր դնելով չարածն անելու:

– Այնուհանդերձ, շարունակվում են խոսակցությունները, որ Գագիկ Ծառուկյանն իր որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանի ճնշումների ներքո:

– Դրանք անլուրջ խոսակցություններ են:

– Ինչո՞ւ, գաղտնիք չէ, որ քաղաքական զարգացումները մեր իրականության մեջ հրապարակային չեն, ամեն ինչ «կուլիսներում» է տեղի ունենում, որոշումներն էլ «կուլիսներում» են կայացվում:

– Մեր քաղաքական եւ մեդիա դաշտի լուրջ թերությունն այն է, որ ականջներին շշնջալը, բամբասանքները, դնել-վերցնելն են ավելի շատ կիրառվում, քան լուրջ քաղաքական եւ քաղաքագիտական վերլուծությունները: Հարցին առավել լուրջ մոտենալու դեպքում հստակ կարելի է տեսնել, որ երբեւէ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն որեւէ մեկի վրա ճնշում չեն գործադրել, երկար եւ համբերատար սպասել են, թե ինչպես ԲՀԿ-ն մի մեծ շղթա՝ հանդիպումներ, կոնսուլտացիաներ, քաղաքական վերլուծություններ, ժողովներ իրենց շարքերում, բազմաթիվ տարածքային կազմակերպություններում, անգամ եվրոպաներում հանդիպումներ ունեցավ, որոնց արդյունքում ծնվեց իրենց որոշումը:

– Ձեր նշած երկար շղթայի տրամաբանությունը հուշում էր, որ Գագիկ Ծառուկյանը պիտի հայտարարեր նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին:

– Ինչո՞ւ էր դա հուշում: Որովհետեւ ինչ-որ մեկին թվում էր, որ 30 տոկոսանոց ուժը պետք է գնար 5-6 տոկոսանոց ուժի ետեւի՞ց՝ նրա վերլուծություններով ու քաղաքագիտական պլատֆորմո՞վ ղեկավարվեր: Ինչի՞ էր այդպես թվում: Դա շատ ոչ իրական եւ թվացյալ մի բան էր:

– Քաղաքական դաշտի հիմնական ինտրիգը մնում է առաջին նախագահի առաջադրումը. Դուք տեսնո՞ւմ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման անհրաժեշտությունը:

– Դա իր որոշելիք խնդիրն է եւ ՀՀ ընտրողի: Ըստ իս, կա մեկ առաջադրման անհրաժեշտություն՝ Սերժ Սարգսյանի, ինչն էլ ՀՀԿ-ն արեց իր համագումարում:

– ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2013-ի բյուջեի քննարկումների ժամանակ ասաց, որ Ձեր ելույթը գրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դա այդպե՞ս է:

– Ես կարծում եմ, որ երբ Բագրատյանը վարչապետ էր, երեւի ինչ-որ մեկի համար ելույթներ է գրել, դրա համար էլ մտածում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ինձ համար է գրում: Բայց եթե սարկազմը մի կողմ դնեմ՝ հարցի մեջ էություն կա. մեր ընդդիմադիրները պիտի մի բան հասկանան, որ մենք մեկ քաղաքական թիմ ենք: Եվ կառավարությունը, եւ ԱԺ-ն ՀՀԿ-ն են, մեկ թիմ, ու այդ պատճառով էլ այն, ինչը որ մենք անում, առաջարկում, բարձրաձայնում ենք, մեր ընդհանուր քննարկումների, վերլուծությունների արդյունքն է: Երբ պարոն Բագրատյանը կամ մեր ընդդիմադիր կոլեգաներից մեկ ուրիշն ինչ-որ հարց է բարձրացնում կամ քննադատություն է անում, մենք շատ ուշադիր, լրջորեն քննարկում ենք եւ միասնական պատասխան ենք մշակում: Հնարավոր է, որ մենք մի քիչ չափազանցում ենք մեր վերաբերմունքի լրջությունը:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31