Լրահոս
Օրվա լրահոսը

Անկեղծության պակաս

Դեկտեմբեր 18,2012 13:15

«Անհայտ ուժերի» կողմից գաղտնալսված երկու պատգամավորների մասնավոր զրույցի բովանդակությանը մենք պայմանավորվեցինք չանդրադառնալ՝ կարծես թե այս հարցում որոշակի կոնսենսուս կա: Բայց պետք է, հավանաբար, անդրադառնալ գաղտնալսման փաստին, ինչպես նաեւ նրան, թե ինչու է իշխանությունը (միամիտ ձեւանանք եւ չասենք՝ ԱԱԾ-ն) որոշել այս գաղտնալսումը հրապարակել: Նախ՝ եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ մեր երկրում դեռ գոյություն ունի քաղաքական լրտեսություն, որը կար խորհրդային շրջանում: Եթե Սովետի ժամանակն արդեն անցած լիներ, այդ ձայնագրությունն իրականացրած եւ ինտերնետում տեղադրած մարդիկ կկանգնեին դատարանի առաջ: Քանի որ իմ այդ ենթադրությունը քմծիծաղով կընդունվի, մնում է եզրակացնել, որ Սովետը դեռ շարունակվում է: ՀՀԿ համագումարում արմավիրցի «կթվորուհու» եւ նման այլ ելույթները դրա վկայությունն են:

Մյուս կողմից՝ պարզ է, որ մեր փառապանծ չեկիստները (այդ բառը հասկացեք լայն իմաստով) հազար ու մի բան են ձայնագրում եւ տեսագրում, բայց ոչ բոլորն են հրապարակում: Այս մի նյութը, հավանաբար, նրանց շատ պետք եղավ նախընտրական պայքարում, դրա համար էլ հրապարակվեց: Այդ ակցիայի հեղինակներին թվում է, որ դրանով վարկաբեկվում է ՀԱԿ-ը: Թե որքանով է այդ հաշվարկը ճիշտ՝ առայժմ դժվար է ասել: Բայց հաշվարկը հիմնված է այն փաստի վրա, որ ՀԱԿ-ի, ինչպես եւ մեր բոլոր մնացած կուսակցությունների քաղաքականությունը թափանցիկ չէ, այստեղ բացակայում են բաց մրցակցությունն ու հրապարակային բանավեճը: Հակասությունները արհեստականորեն կոծկվում են ու հանդես են գալիս ասեկոսեների, բամբասանքների, ակնարկների տեսքով, ինչից հմտորեն օգտվում է իշխանությունը՝ մեկնաբանելով այդ հակասություններն ու ակնարկներն այնպես, ինչպես իրեն է հարմար: Խնդրո առարկա ձայնագրությունն էլ ես ընկալում եմ որպես յուրահատուկ բամբասանք եւ «անոնիմկա»: Այդ ժանրի «ստեղծագործությունները» պետք է խստորեն դատապարտել: Բայց դրանց ազդեցությունը չեզոքացնելու միայն մի ճանապարհ կա՝ անկեղծությունը:

Իսկ դրա համար պետք է մի կողմ թողնել գաղտնիության շղարշը եւ վերջ տալ «բուզանդական արքունիք» խաղալուն: Ի վերջո՝ խոսքը ղարաբաղյան կարգավորման մասին չէ, որին, ինչպես հայտնի է, փորձագիտական մակարդակով տիրապետում էին 4 թե 5 հոգի: Նախագահական ընտրությունների հնարավոր չէ գնալ «փորձագիտական մակարդակով». հաշվի առնելով հայաստանյան ընտրությունների յուրահատկությունները՝ այստեղ պետք է հասարակության լուրջ մոբիլիզացիա: Մեկ տարի մարդկանց համոզել, որ իրենց փրկողը, նյութական բարեկեցություն եւ արդարություն պարգեւողը կլինի Գագիկ Ծառուկյանը եւ հիմա այդ մարդկանց հիասթափության ֆոնի վրա ոչ մի բան չձեռնարկել, շարունակել ինչ-որ անհասկանալի «գաղտնի բանակցություններ» վարել՝ ես այստեղ որեւէ տրամաբանություն չեմ տեսնում: Եվ այսօր ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ Զուրաբյանն է, ոչ Բագրատյանը, ոչ էլ Նիկոլը: Կռահեք, թե ով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31