«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ՀՀԿ համագումարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հակասական տպավորություններ է ստացել:
«Փոքր եւ միջին բիզնեսի վերաբերող հատվածին անդրադառնամ, ասում է լավ վիճակում են, հարկային արտոնություններ եւ այլն: Գոնե իմ շրջապատում ես տեսել եմ, որ այս տարիների ընաթացքում փոքր եւ միջին բիզնեսը բարվոք վիճակում չի հայտնվել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով նախագահի պնդմանը, թե շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարը, պարոն Մարտիորսյանը հավելեց. «Կոռուպցիան համակարգային է: Առաջին հերթին պայմանավորված է իշխանության գերկենտրոնացվածությամբ, դա էլ պատճատ է տնտեսության մեջ տարբեր գերկենտրոնացված իրավիճակների: Առանց համակարգային բարեփոխումների միջին աստիճանի պաշտոնյաների ձերբակալություները դեռ չեն նշանակում, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարում ենք: Նույնիսկ իրենք նշեցին՝ գլխից է պետք բռնել կամ վիրահատական միջոցառումներ են անհրաժեշտ»:
Կարդացեք նաև
«Ժառանգության» փոխնախագահի համոզմամբ, կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություներ, պատժլիության ապահովում եւ քաղաքական կամք:
Նա մեկնաբանեց նաեւ նախագահի ելույթի կենսաթոշակային եւ առողջապահական համակարգի մասին հատվածը. «Համակարգն այն ձեւով կառուցված չէ, որ հնարավորություն տա քաղաքացուն մատչելի բուժծառայություն ստանալ, իսկ բժշկին հանգիստ խղճով իր գործն անել առանց ֆինանսականի մասին մտածելու: Ինչ վերաբերում է Կենսաթոշակային կուտակային համակարգ, բարեփոխում կոչվածին, դեռ չգիտենք ինչ արդյունքներ է տալու»:
Պարոն Մարտիրոսյանը չի նկատում նաեւ նախագահի մատնանշած ամենաթողության դեմ պայքարի արդյունքները. «Մեզ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտնյաներից սկսած՝ մինչեւ նրանց հարազատների համար այս ամենաթողությունը մինչեւ այժմ շարունակվում է: Բարեփոխումներ որպես այդպիսին չկան, կան ցանկություններ, հայտարարություններ, իմիտացիոն քայլեր, նույնիսկ օրենսդրական մակարդակով, բայց բուն բարեփոխումների մասին դեռ չենք կարող խոսել»:
Պարոն Մարտիրոսյանը նաեւ հավելեց, որ որեւէ քայլով դեռ չի ապացուցվել, նախագահի մատնանաշած ներդրողների եւ գործարարների համար գրավիչ, հուսալի երկիր. «Ապահով, հարմարավետ երկրից քաղաքացիները չեն արտագաղթում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ